3367 դիտում
18:04 22-04-2016
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Ողջունելով դեսպանին` նախարարը նշել է, որ կրթության ոլորտում հայ-ամերիկյան հարաբերությունները շոշափելի արդյունք են արձանագրել: "Ուզում եմ շնորհակալություն հայտնել Միացյալ Նահանգների կառավարությանը` Հայաստանի կրթության նկատմամբ ցուցաբերվող հոգատարության և աջակցության համար: Ես համոզված եմ, որ մեր բարդ տարածաշրջանում հենց կրթությունն է այն հիմնաքարը, որ կնպաստի հանդուրժողականության մթնոլորտի ամրապնդմանն ու տարածաշրջանի հետագա զարգացմանը: Ուզում եմ հավաստիացնել, որ կրթության համակարգում հայ-ամերիկյան համագործակցությունը լավագույն օրինակ դառնալու իրական հնարավորություններ ունի", -նշել է Լևոն Մկրտչյանը:
Նախարարը նշել է Հայաստանի ամերիկյան համալսարանի դերը մեր կրթական համակարգում` ընդգծելով, որ Ամերիկյան համալսարանն իր ձևավորման օրվանից նոր կրթական չափանիշ և որակ բերեց բարձրագույն կրթության համակարգում` խթան դառնալով նաև մյուս համալսարանների համար: Միաժամանակ, նախարար Լ. Մկրտչյանը ցանկություն է հայտնել ամերիկյան մասնակցությունն ակտիվացնել կրթական համակարգի բոլոր օղակներում:
Իր հերթին դեսպան Ռիչարդ Միլսը գոհունակություն է հայտնել կրթության ոլորտում առկա հայ-ամերիկյան համագործակցության մակարդակից նշելով.
"Հպարտ եմ, որ ԱՄՆ դեսպանատան և ՀՀ կրթության և գիտության նախարարության միջև կա նման տևական ու կենսական նշանակության գործընկերություն, որի հիմքում մեր այն ընդհանուր համոզմունքն է, որ կրթությունը մարդու կենսական իրավունքներից է":
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել գերազանցության կենտրոններին, անգլերեն լեզվի տարածման արդյունավետության բարձրացմանը, ուսուցիչների վերապատրաստմանը, հակակոռուպցիոն ծրագրերի իրականցմանը, ինչպես նաև կրթության ոլորտում երկկողմ հարաբերությունների համագործակցությանը վերաբերող այլ հարցերի:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
976 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ
700 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում
1060 դիտում
11:13 22-12-2024
Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»