Հայկական դրամի ստեղծման պատմությունը
1991 թվականի սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության հռչակմամբ առաջացավ ազգային արժույթ ունենալու անհրաժեշտությունը: Սակայն մինչ ազգային արժույթի ներդրումը Հայաստանում պաշտոնական շրջանառության մեջ էին խորհրդային ռուբլիի՝ 1961-1991 թվականների նմուշի և ռուսական ռուբլիի՝ 1991-1992 թվականների նմուշի բանկային տոմսերը:
Ազգային արժույթի անվան տարբեր առաջարկներ կային՝ «դրամ», «ստակ», «իբար», «դահեկան», արտադրյալ միավորինը՝ «մանրադրամ», «ար», «մանր», «իմի», «զուզա», «պլիկ», «լումա»: 1992 թվականի մարտի 27-ին հատուկ հանձնաժողովի կողմից որոշվեց ՀՀ ազգային արժույթի անվանումը՝ «դրամ»։
1993 թվականի նոյեմբերի 22-ին ազգային արժույթի ներդրմամբ ՀՀ տարածքում դադարեցվեց խորհրդային և ռուսական դրամանիշերի շրջանառությունը․ փոխանակման համար ընդունվել էր «1 դրամ = 200 խորհրդային ռուբլի» հարաբերակցությունը։