211652_close_icon
views-count2430 դիտում article-date 22:21 16-04-2016

Մրցում են ՀՀ ԱԻՆ պատանի հրշեջ-փրկարարները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ապրիլի 16-ին «Հայաստան» մարզական միություն հասարակական կազմակերպության սպորտային հրապարակում անցկացվեց պատանի հրշեջ-փրկարարների հանրապետական մարզական առաջնություն, որին մասնակցում էին Երևան քաղաքի պատանի հրշեջ-փրկարարների առաջնության առաջին երեք տեղեր զբաղեցրած և ՀՀ մարզերի հավաքական թիմերը` ընդհանուր 12 թիմ: Մրցաշարի կազմակերպիչն է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը: Մանկապատանեկան մրցաշարն անցկացվում է էքստրեմալ իրավիճակներում կողմնորոշվելու, գործնական գիտելիքներ ստանալու, առողջ ապրելակերպի, երիտասարդ սերնդի ֆիզիկական, հոգեբանական զարգացման, ինչպես նաև այլ երկրների պատանի հրշեջների և փրկարարների միջև փորձի փոխանակման նպատակով: Մասնակիցներին ողջունելու էր եկել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը, ով ոգևորող խոսքեր ուղղելով պատանիներին` հաջողություն մաղթեց բոլորին. -Կամավոր-փրկարարական շարժումը մեր հանրապետությունում զարգանում է և դրա կարևոր ու հիմնական բաղադրիչներից մեկը պատանի փրկարարական խմբերի ստեղծումն է: Մեր այսօրվա հրշեջ-փրկարարներին գալիս են փոխարինելու արժանիները: Վստահ եմ, որ այստեղ ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները ձեզ անհրաժեշտ կլինեն նաև հետագայում: Վ. Գաբրիելյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել բոլոր այն հայորդիների հիշատակը, ովքեր ապրիլյան առաջին օրերին պաշտպանեցին հայրենքի սահմանները և հակառակորդին արժանի հակահարված տվեցին՝ զոհելով իրենց կյանքը: Այնուհետև ՀՀ օրհներգի հնչյունների ներքո բարձրացվեց Հայաստանի դրոշը և հայտարարվեց մրցաշարի հանդիսավոր բացումը: Թիմերին սատարելու էին եկել ՀՀ ԱԻՆ ՓԾ փրկարար ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա. Արշակյանը, ՓԾ մարզային փրկարարական վարչությունների պետերը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Չնայած անձրևային եղանակին և ցածր ջերմաստիճանին` պատանիները ոգևորված էին ու պատրաստակամ հաղթահարելու բոլոր դժվարությունները, որպեսզի նվաճեն բաղձալի գավաթն ու ստանան Հայաստանը միջազգային հավաքներում ներկայացնելու իրավունք: Հրշեջ-փրկարարական թիմերը մրցում էին հետևյալ մարզաձևերում. • Վազք 100 մ (տղաներ) • Վազք 60 մ (աղջիկներ) • Մարտական հագուստի հագնում • Ձգում կախ դրությունից (տղաներ) • Հրում հատակից (աղջիկներ) • Վազք 500 մ (տղաներ և աղջիկներ) • Փոխանցումավազք 4x100 մ: Սպորտային մրցումներից հետո ՀՀ ԱԻՆ մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ մրցաշարի գեղարվեստական մասի ցուցադրություն՝ «Երկրի այցեքարտի ներկայացում» և ստուգվեց մասնակիցների ռուսերեն լեզվի իմացությունը: Մրցաշարի ընդհանուր արդյունքներով՝ պատանի հրշեջ-փրկարարական հանրապետական մարզական առաջնության առաջին տեղը գրավեց Արարատի մարզի հավաքական թիմը, իսկ Վայոց ձորի մարզի և Արագածոտնի մարզի հավաքական թիմերը զբաղեցրին համապատասխանաբար` երկրորդ և երրորդ հորիզոնականները: Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերին հանձնվեցին դիպլոմներ, իսկ մյուս մասնակիցներին՝ հավաստագրեր: ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների կողմից Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մարզպետարանների համապատասխան ոլորտների պատասխանատուների հետ համատեղ 200 և ավելի սովորողներ ունեցող հանրակրթական դպրոցներում ստեղծվել են պատանի հրշեջ-փրկարարական 601 թիմ` 11-17 տարեկան 5365 աշակերտներով: Նշված թիմերի հետ պարբերաբար անցկացվում են տեսական և գործնական պարապմունքներ, իսկ 2016թ. մարտ ամսին ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում անցկացվել են մարզային առաջնություններ: Հանրապետական մրցաշարից հետո կընտրվեն լավագույն արդյունքներ ցուցաբերած 15 մարզիկներ, որոնց հետ ՀՀ ԱԻՆ աշխատանքային խումբը կշարունակի անցկացնել նախապատրաստական մարզումներ` Բելառուսի Գոմել քաղաքում կայանալիք պատանի հրշեջ-փրկարարների 14-րդ միջազգային մրցաշարին մասնակցելու համար: Ընտրված լավագույն 7 պատանիներից կազմված ՀՀ ԱԻՆ պատանեկան թիմը 2016թ. հուլիսի 7-16-ը կմեկնի Բելառուս` պատանի հրշեջ-փրկարարների 14-րդ միջազգային մրցաշարին ներկայացնելու Հայաստանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր