211652_close_icon
views-count1760 դիտում article-date 21:41 16-04-2016

2015 թվականին Հայաստանում հարցվածների 76%-ը լիովին վստահում է բանակին

Հարավային Կովկասի երկրներում հանրային կարծիքի հետազոտմանն ուղղված այս ծրագիրն իրականացվում է դեռևս 2004 թ.-ից: Ավելի քան 100 հարց պարունակող հարցաթերթով շուրջ 4200 հոգու շրջանում իրականացվող հետազոտությունը տեղեկատվություն է պարունակում տարածաշրջանում սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական և քաղաքական զարգացումների մասին: Ամեն տարի հետազոտությունը միաժամանակ անցկացվում է Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում: Վերջինս, սակայն, այս անգամ չի մասնակցել հետազոտությանը: Հարցումներն անցկացվել են 2015 թ.-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին և արտահայտում են միայն այդ շրջանի տրամադրությունները: Մինչ հետազոտության արդյունքները ներկայացնելը «ՀՌԿԿ-Հայաստան» հիմնադրամի ղեկավար Հեղինե Մանասյանը հակիրճ պատմեց կենտրոնի գործունեության, ինչպես նաև այս հետազոտության մասին: Միջոցառմանը մասնակցում էին նաև ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը, ոլորտի մասնագետներ և պարզապես հետազոտության արդյունքներով հետաքրքրված մարդիկ: «Ցավոք, այսօր Հայաստանում քիչ կան կենտրոններ, որոնք իրենց հետազոտությունների արդյունքները լայնորեն տրամադրում են հանրությանը: Նշվեց, որ այս տարի միայն Հայաստանում ու Վրաստանում է անցկացվել հետազոտությունը, ես կարծում եմ՝ սա էլ է հետաքրքիր ցուցիչ, թե մեր հարևան երկրում ինչքանով են ցանկացել լսել իրենց հասարակության կարծիքը»,- նշեց Արթուր Մկրտիչյանն ու հավելեց, որ այս հետազոտությունները, լինելով շարունակական, թույլ են տալիս ոչ միայն թվեր ստանալ, այլև դրանցով որակական գնահատականներ տալ հասարակության այս կամ այն ոլորտում գրանցվող փոփոխություններին: Հարցման արդյունքները ցույց են տվել, որ թե՛ Հայաստանում, թե՛ Վրաստանում հանրությանն առավել հուզող հարցերը մնում են գործազրկությունն ու աղքատությունը: Իրենց երկիրը ոչ ժողովրդավարական համարողների թիվն ավելացել է՝ Հայաստանում կազմելով 32%, Վրաստանում՝ 17%: Հանրային կառույցների նկատմամբ նվազող վստահության համատեքստում շահեկանորեն առանձնանում են բանակն ու եկեղեցին. Հայաստանում հարցվածների 76%-ը լիովին վստահում է բանակին, մինչդեռ 2013 թ.-ին այդ ցուցանիշը հասնում էր ընդամենը 62%-ի: Վրաստանում այս կառույցներին վստահում է հարցվածների 74%-ը: Երկու երկրների հասարակություններից հայերն են ավելի շատ սատարում երկրի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը (52%), մինչդեռ վրացիների միայն 21%-ն է դրան դրական վերաբերվում: Իսկ Եվրոպական միությանն անդամակցելուն հավանություն են տվել Հայաստանում հարցվածների 37%-ը և Վրաստանում հարցվածների 41%-ը: Հետազոտության մեջ առանձին բաժնով «չափվել է» նաև երկու հասարակությունների երջանկությունը: Հայաստանում իրենց միջին երջանկությունը գնահատում են 6.5, Վրաստանում՝ 6.6 միավոր (1-10 սանդղակով): Նշենք, որ հետազոտության արդյունքներն ամբողջությամբ հասանելի կլինեն «Կովկասյան բարոմետր»-ի և «ՀՌԿԿ-Հայաստան» հիմնադրամի կայքերում:

Նմանատիպ նյութեր