211652_close_icon
views-count1605 դիտում article-date 20:30 07-04-2016

Աշխարհում չկա որևէ հակամարտություն, որտեղ լուծումները գտնում են առանց այդ հակամարտության հիմնական դերակատարի՝ Արցախի. Բակո Սահակյան

Խանգարված ձևաչափի պայմաններում անհնար է հասնել հակամարտության կարգավորման գործում վերջնական լուծման, ուր մնաց թե առանց այդ հակամարտության հիմնական կողմ հանդիսացող Արցախի: Այս մասին Արցախի ՊԲ օպերատիվ իրազեկման կենտրոնի մամուլի ասուլիսին հայտարարեց Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը՝ անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարությանը, որ կողմերը մոտ են լուծման կարգավորմանը: «Ես հնարավորություն եմ ունեցել և այսօր էլ ունեմ՝ գնահատականներ տալու միջնորդական առաքելություն իրականացնող կազմակերպությանը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահող այդ կազմակերպությանը: Եվ ոչ միայն գնահատական եմ տվել ոչ միայն այդ ջանքերի համար: Գտնում ենք, որ մինչև ապրիլի լույս երկուսի գիշերը հարաբերական խաղաղությունն ապահովվում էր նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շնորհիվ»,- ասաց ԼՂՀ նախագահը: Սակայն նա նշեց, որ շնոհակալություն հայտնելու զուգահեռ, իր դժգոհությունն է հայտնել: Մասնավորապես, ԼՂՀ նախագահն ընդգծեց՝ որ խանգարված ձևաչափի պայմաններում անհնար է հասնել հակամարտության կարգավորման գործում վերջնական լուծման: Եվ այսօր էլ Բակո Սահակյանը գտնում է, որ ցանկացած նախաձեռնություն չի կարող իրականացվել առանց կողմերից մեկի, որը հանդիսանում է Արցախը՝ Բուդապեշտյան գագաթնաժողովից սկսած: Նա հույս հայտնեց, որ ԵԱՀԿ ՄԽ-ն կվերականգնի Արցախը որպես բանակցությունների լիարժեք կողմ: Արցախի Հանրապետության նախագահը ի պատասխան լրագրողի՝ նկատեց, որ չգիտի, թե ինչ են քննարկել ՌԴ արտգործնախարարը և համանախագահները Բաքվում: Սակայն մեկ անգամ ևս ընդգծեց, որ Ստեփանակերտը հանդես է գալիս տրամաբանության տեսանկյունից: Բակո Սահակյանը իր ասուլիսը սկսեց մի փոքր անդրադառնալով հակամարտության ակունքներին՝ նշելով, որ 100 տարի առաջ Ցեղասպանություն ապրած ժողովրդի այս մի հատվածը չէր կարող համակերպվել Ադրբեջան անունով խորթ պետության կազմում լինելու հետ: Ուստի նա ընդգծեց իր անհամաձայնությունը այն տեսակետի հետ, երբ հակամարտությունը դիտվում է որպես տարածքային վեճ: Բակո Սահակյանը մի փոքր անդրադարձավ ապրիլմեկյան իրադարձությունների մանրամասներին պատմելով, որ քանի այդ օրն ունեին տեղեկություն, որ հակառակորդը իրականացրել է շարժ, իր մոտ է հրավիրել բանակի հրամանատարին, Ազգային անվտանգության տնօրենին և ոստիկանապետին՝ քննարկելու հակառակորդի գործողությունները: ՙՔանի որ մենք այս վերջին ժամանակաշրջանում գտնվում էինք կրակի հաճախակի խախտման պայմաններում, այդ տեղեկությունն ընդունել ենք որպես հակառակորդի կողմից հերթական խախտման գործողություն այդ ժամանակաշրջանին համահունչ, մեր մյուս գործողություններն իրականացրել ենք ընկալելով այդ գործողությունը որպես լոկալ հատվածում սպասվող հերթական զարգացում: Այդ ընկալմամբ և այդպիսի նախնական տպավորություններով ցտեսություն ենք հայտնել մեկս մյուսին և մեկնել ենք, այսպես ասած, հանգստանալու,-պատմեց Բակո Սահակյանը: Նա նշեց, որ իր ՝ Գերագույն գլխավոր հրամանատարի համապատասխան հանձնարարականներն ու ցուցումները փայլուն կատարել են Արցախի հերոսական բանակի ժամկետային զինծառայողները, սպայական կազմը, Մայր Հայաստանից Արցախին օգնության հասած կամավորական ջոկատները՝ ՊԲ հրամանատար, պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի գլխավորությամբ: Ի դեպ, Բակո Սահակյանը ասուլիսին մասնակցում էր ոչ թե քաղաքացիական կոստյումով, այլ զինվորական համազգեստով: Բակո Սահակյանը շնորհակալություն հայտնեց Արցախի համար ճակատագրական այս օրերին աշխարհի տարբեր երկրներ տեղեկություններ տրամադրելու համար, որոնցից օգտվել են տարբեր երկրների քաղաքական ղեկավարությունները, վերլուծական –քաղաքական հետազոտական կենտրոնները և վերջապես՝ ըստ Բակո Սահակյանի` այդ ստույգ տեղեկություններից օգտվել են Արցախի Հանրապետության քաղաքացիները:

Նմանատիպ նյութեր