211652_close_icon
views-count1715 դիտում article-date 13:19 04-04-2016

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել գործակարգավարական խորհրդակցությու

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել գործակարգավարական խորհրդակցություն, որը վարել է նախարար Լևոն Մկրտչյանը: Մինչ ընթացիկ օրակարգային հարցերին անդրադառնալը՝ նախարարն ընդգծել է մեր պետության ներքին և արտաքին մարտահրավերները նոր խնդիրներ են դնում պետական ողջ համակարգի, այդ թվում նաև կրթության ոլորտի առջև. "Կրթության առաջնային խնդիրները դաստիարակությունն է, որը պետք է ընդգծված գաղափար լինի Կրթության ազգային ծրագրում և դառնա ազգային դպրոցի հիմնասյունը: Հայրենասիրական դաստիարակությունը մենք պետք է սկսենք մանկապարտեզից և շթղան հասցնենք մինչև բուհ: Մենք այստեղ ունենք գոհացուցիչ պատկեր, ինչի մասին է վկայում հազարավոր կամավորների առաջին գիծ մեկնելու պատրաստակամությունը: Բայց սա շարունակական գործընթաց է և պետք է հստակ արտահայտված լինի Կրթության զարգացման ազգային նոր ծրագրում՝ հետագա տասնամյակի կտրվածքով",- նշել է Լևոն Մկրտչյանը և հավելել, որ հայրենասիրությունը արտահայտվում է ոչ միայն մարտի դաշտում, այլև ամենօրյա պարտաճանաչ աշխատանքում՝ կրթական բնականոն և որակյալ գործընթացի կազմակերպմամբ: Նախարարն իր խոսքում անդրադարձել է ԿԳՆ "Թեժ գիծ" հեռախոսակապով ստացվող բողոքների և այդ հիմքով իրականացվող գործընթացների արդյունավետության բարձրացմանը՝ նշելով, որ պետք է ահազանգերի վերլուծություն կատարվի՝ շեշտը դնելով համակարգն արատավորող խնդիրների կանխարգելման, բացահայտման և լուծման աշխատանքների վրա: Անդրադառնալով միջին մասնագիտական և արհեստագործական կրթության խնդիրներին՝ նախարարը նշել է, որ ոլորտում կատարված ներդրումների և առկա արդյունքների համապատասխանությունը մտահոգիչ է և համակարգային վերլուծությունը պետք է դրվի հետագա աշխատանքի հիմքում: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաև բարձրագույն կրթության ոլորտի կառավարման արդյունավետութան բարձրացման, Կրթության ազգային ինստիտուտի աշխատանքային ռազմավարության վերանայման, ավագ դպրոցների և ոլորտային այլ խնդիրների, որոնց առնչությամբ ոլորտի պատասխանատուներին տրվել են հանձնարարականներ:

Նմանատիպ նյութեր