211652_close_icon
views-count1028 դիտում article-date 21:12 30-10-2014

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել հերթական նիստը

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը, որը վարել է կոլեգիայի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Օրակարգում ընդգրկված էր երկու հարց՝ Կրթության գերազանցության ազգային ծրագրի ներկայացում և ավագ դպրոցներում կրթության ֆինանսավորման և ֆինանսական արդյունավետության մոնիթորինգի արդյունքների ներկայացում: Նիստի սկզբում նախարար Ա. Աշոտյանը տեղեկացրել է, որ կոլեգիայի կազմում կատարվել է փոփոխություն՝ մեծացվել է հանրային սեկտորի ներկայացուցիչների ընդգրկվածությունը, մասնավորապես, կոլեգիայի աշխատանքներին այսուհետ կմասնակցի նաև "Բաց հասարակության հիմնադրամներ" կազմակերպության ներկայացուցիչը: Նիստին, նախարարի առաջարկությամբ, մասնակցել են նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի և Հանրային խորհրդի ներկայացուցիչները՝ հաշվի առնելով օրակարգում ընդգրկված հարցերի հանրային նշանակությունը: Կրթության գերազանցության ազգային ծրագիրը կոլեգիայի անդամներին հեղինակային խմբի անունից ներկայացրել է "Այբ" հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը: Ծրագիրը մշակվել է` իբրև հայկական բակալավրիատի միջազգային չափանիշներով պլատֆորմ ստեղծելու հենք՝ Լոնդոնի կրթության ինստիտուտի և Քեմբրիջի համալսարանի համագործակցությամբ: Առաջարկվում է հայկական ծրագիրը կոչել Արարատյան բակալավրիատ, որն անցնելու է միջազգային հավատարմագրման գործընթաց: Գերազանցության կենտրոնի ծրագրի առաջին փուլով առաջարկվում է իրականացնել ուսուցիչների վերապատրաստում և հավաստագրում՝ միջազգային չափորոշիչներով: Առաջարկվող տարբերակով հավաստագրմանը կարող են մասնակցել առնվազն մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի աստիճան ունեցող, համապատասխան վերապատրաստման դասընթացին մասնակցած ուսուցիչները: Հավաստագիր ունեցող ուսուցիչների վարձատրությունը համեմատաբար բարձ է լինելու՝ մոտ 400 հազար դրամ: Առաջին փուլում ծրագիրը կներդրվի ՀՀ 12 դպրոցում, որից 10-ը` մարզերում, 2-ը Երևանում և ԼՂՀ մեկ ավագ դպրոցում: Այնուհետև աստիճանաբար այն կտարածվի և կընդգրկի ավելի մեծ շրջանակներ: Գերազանցության ազգային ծրագրի ներկայացումից հետո կոլեգիայի անդամները հարցեր են ուղղել հեղինակներին՝ դրա իրականացման մեխանիզմների, նախագծում առկա բացթողումների ու թերությունների վերաբերյալ, ինչպես նաև ներկայացվել են մի շարք դիտողություններ ու առաջարկություններ: Կոլեգիան, հաշվի առնելով ներկայացված առաջարկություններն ու դիտողությունները, որոշում է կայացրել հեղինակային խմբին հնարավորություն տալ ծրագիրը լրամաշկել և մինչ հանրային ավելի լայն քննարկումների դնելը մեկ անգամ ևս ներկայացնել կոլեգիայի դատին: Միաժամանակ որոշվել է դիմել Ազգային ժողովին՝ Կրթության գերազանցության ազգային ծրագրի վերաբերյալ խորհրդարանական լսումներ կազմակերպելու առաջարկությամբ: Գերազանցության ազգային ծրագրի հանրային քննարկումների փուլը տևելու է մի քանի ամիս, որից հետո ծրագիրը կբերվի վերջնական տեսքի և կներկայացվի կառավարության հաստատմանը: Քննարկման ընթացքում նախարարն ընդգծել է, որ Կրթության գերազանցության ազգային ծրագրի ներդրումը չի հակասում գործող պետական կրթական չափորոշիչներին և կրթական բարեփոխումների շրջանակում Կրթության ազգային ինստիտուտի կողմից իրականացվող ուսուցիչների վերապատրաստման գործընթացին: Այնուհետև կոլեգիան անցել է օրակարգի երկրորդ հարցի քննարկմանը. ավագ դպրոցներում ֆինանսական արդյունավետության մոնիթորինգը իրականացվել է <<Բաց հասարակության հիմնադրամներ>> կազմակերպության ֆինանսական աջակցությամբ "Համայնքների ֆինանսիստների միավորում" հասարակական կազմակերպության կողմից: Անկախ մոնիթորինգի դիտարկման նախնական արդյունքները ներկայացրել է փորձագիտական խմբի ներկայացուցիչ Վահրամ Շահբազյանը: Մշտադիտարկումն իրականացվել է Երևանի և 4 մարզերի 18 ավագ դպրոցներում: Դիտարկման ընթացքում ուսումնասիրվել է ավագ դպրոցների ֆինանսավորման բանաձևը, սովորողների հաճախելիությունը, կրթության որակը՝ հիմքում դնելով առաջադիմության ցուցանիշները: Մոնիթորինգի շրջանակում կատարվել են հարցումներ` սովորողների և ծնողների շրջանում, դիտարկվել են դասարանների խտության, ուսուցիչների ծանրաբեռնվածության և բազմաթիվ այլ հարցեր: Նախնական արդյունքներով՝ մոնիթորինգ իրականացնող փորձագետները բարձրացրել են ֆինանսավորման բանաձևում փոփոխություն կատարելու և ավագ դպրոցների ֆինանսական հաշվետվողականությունը հանրության առջև ավելի բարձրացնելու, դասարաններում աշակերտների միջին խտությունը թեթևացնելու և մի շարք այլ հարցեր: Որպես խնդիր դիտարկվել է նաև հաճախելիության ցուցանիշը՝ ավագ դպրոցներում բացակայությունները կազմում են 5-6 տոկոս: Զեկույցն ամբողջությամբ կհրապարկվի վերջնական ամփոփումից հետո: Կոլեգիան քննարկման ընթացքում որոշել է մինչ զեկույցի հրապարկումն անկախ մոնթորինգի արդյունքներն աշխատանքային կարգով քննարկել կրթության և գիտության նախարարության պատասխանատուների և առանձնացված ստորաբաժանումների հետ: ՀՀ ԿԳ նախարարը, նշել է որ հատկապես մեթոդաբանության և արձանագրված արդյունքների տեսակետից հանրային մոնթորինգի արդյունքները տարբերվում են պետական վիճակագրության տվյալներից` ընդգծելով, որ նախարարությունն այս բաղադրիչը համարում է կրթական բարեփոխումներին աջակցող կարևոր գործոն: Կրթության և գիտության նախարարությունը, ինչպես նախարար Ա. Աշոտյանն է նշել, և միշտ պատրաստ է շահագրգիռ համագործակցության բոլոր հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ: Կոլեգիայի անդամները մշտադիտարկման վերաբերյալ ներկայացրել են իրենց դիտարկումներն ու հարցերը:

Նմանատիպ նյութեր