2439 դիտում
11:05 31-03-2016
ՀՀ Նախագահը երախտապարտ է՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Մասաչուսեթսի նահանգապետի վճռական դիրքորոշման համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 30-ին հանդիպում է ունեցել Մասաչուսեթսի նահանգապետ Չարլզ Բեյքերի հետ: Դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո կայացած հանդիպմանը ՀՀ Նախագահը գոհունակությամբ է փաստել, որ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև առկա են սերտ գործընկերային, բարեկամական հարաբերություններ և երախտագիտություն է հայտնել այն շարունակական աջակցության համար, որ ԱՄՆ-ը ցուցաբերում է Հայաստանին ամենատարբեր ոլորտներում:
Երկկողմ միջպետական հարաբերությունների զարգացման գործում Սերժ Սարգսյանը մեծապես կարևորել է նահանգների և հատկապես Մասաչուսեթ¬սի դերակատարությունը: Հանրապետության Նախագահը նշել է, թե Հայաստանը կարևորում է ապակենտրոնացված համագործակցությունը և այդ առումով ցանկանում է ուղիղ կապեր հաստատել Մասաչուսեթս նահանգի հետ: Համագործակցությունը, Նախագահի համոզմամբ, կարող է կրել ինչպես ճանաչողական բնույթ, այնպես էլ նպաստել կրթության, գիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների և մի շարք այլ ոլորտներում սերտ կապերի հաստատմանը:
ՀՀ Նախագահը երախտագիտություն է հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում նահանգապետ Չարլի Բեյքերի վճռական դիրքորոշման և հայ ժողովրդին աջակից լինելու համար: Սերժ Սարգսյանը նշել է, թե ուրախ է, որ Մասաչուսեթս նահանգի ղեկավարությունը պատմականորեն արդար դիրքորոշում է ունեցել այս հարցում, ինչի մասին է վկայում այն, որ 19-րդ դարավերջի համիդյան ջարդերից և Հայոց ցեղասպանությունից մազապուրզ հայերի մի ստվար մաս հաստատվեց հենց այս նահանգում: Ըստ Նախագահի, այդ մասին է խոսում նաև այն, որ նահանգային դպրոցներում Հայոց ցեղասպանության պատմություն է դասավանդվում:
ՀՀ Նախագահը բարձր է գնահատել Ամերիկայի անկախության համար մղված պայքարում վճռական դեր կատարած Մասաչուսեթս նահանգի առանձնակի վերաբերմունքը ԼՂ հիմնախնդրի նկատմամբ:
Առանձնացնելով Մասաչուսեթսի պատկառելի ներուժը գիտակրթական ոլորտում և նշելով, որ բավական է միայն նահանգում գտնվող մի շարք հեղինակավոր բուհերի շարքում հիշատակել Հարվարդի համալսարանն ու Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիուտը, Նախագահ Սերժ Սարգսյանը երախտագիտությամբ է նշել, որ Մասաչուսեթսը և ընդհանրապես ԱՄՆ-ն իր գիտակրթական ներուժով Հայաստանի անկախությունից ի վեր նպաստել է նաև մեր պետականության ամրապնդմանը: Բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստման գործում ՀՀ Նախագահը բարձր է գնահատել ամերիկյան կառավարության աջակցությունը:
Ընդգծելով, որ Հայաստան-Մասաչուսեթս հարաբերություններն ունեն խոստումնալից ապագա և Հայաստանը շահագրգռված է Մասաչուսեթսի հետ ակտիվ կապեր հաստատելու հարցում, Սերժ Սարգսյանը հրավիրել է նահանգապետ Չարլի Բեյքերին մեր երկիր։
Հանդիպման ավարտին աշխատանքային ճաշ է տրվել` նահանգապետ Չարլզ Բեյքերի, համայնքային ղեկավարների և Ներկայացուցիչների պալատի անդամների մասնակցությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
782 դիտում
23:46 27-06-2015
Արգենտինահայերը երախտապարտ են Ֆրանցիսկոս Պապին Հայոց ցեղասպանության ճանաչման համար
1489 դիտում
15:53 21-03-2023
Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը քայլ էր՝ խթանելու ճանաչման գործընթացը. Տաբեա Ռյոսներ
1373 դիտում
21:23 27-05-2015
New York Times- ում Բարաք Օբամային Ցեղասպանության հարցում դիրքորոշման համար ստախոս անվանեցին
Այս բաժնից
784 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
652 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
451 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը