Իր ստեղծագործության մեջ Գյոթեն անդրադարձել է նաև հայոց Արարատին և հայերին
Իր ստեղծագործության մեջ Գյոթեն անդրադարձել է նաև հայոց Արարատին և հայերին։ Մեծանուն բանաստեղծին խոր ակնածանք էր ներշնչում բիբլիական Արարատը։
«Ես չէի զարմանա,- ասում է նա՝ գերմանացի նշանավոր բնախույզ և ճանապարհորդ Կարլ Ֆրիդրիխ Մարցիուսի հետ զրուցելիս,- եթե Արարատի վրա հայտնաբերեին առաջին մարդու գանգը»։
Գյոթեի ծովածավալ ստեղծագործության մեջ՝ գրող Ստեֆան Ցվայգի կազմած մի հատընտիրում, տարիներ առաջ ես գտա և թարգմանեցի մի փոքրիկ բանաստեղծություն՝ «Թողեք, որ ես լամ», որի մեջ հիշատակվում է բանաստեղծին գիշերային լռության մեջ՝ անապատում ընկերակցող հայ քարավանապետը.
Թողեք, որ ես լամ, գիշերն է պատել
Ինձ անապատում այս անծայրածիր.
Քնած են ուղտեր և ուղտապաններ,
Հայը լուռ, արթուն հաշիվ է անում.
Իսկ ես իր կողքին չափում եմ ուղին,
Որ բաժանում է ինձ Զուլեյկայից,
Համրելով տաղտուկ, ճամփա երկարող
Կեռմանները ձիգ։