211652_close_icon
views-count2607 դիտում article-date 10:15 10-03-2016

Ինքնամաքրման գործընթացում դեմքեր են պատռվում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Բարգավաճ Հայաստան կուսակցությունը կրկին մասնատման գործընթացի մեջ է, որը կուսակցությունը գնահատում է որպես ինքնամաքրում: ԲՀԿ-ում տեղի ունեցողը որոշակի ինդիկատոր է ավելի խորքային գործընթացների, որ տեղի են ունենում իշխանության ներսում: Բանն այն է, որ ԲՀԿ-ում ներկուսակցական խմորումների գործընթացը պայմանավորված է նրանով, որ խիստ սուղ է դարձել խորհրդարանական մանդատների հարցը: Եվ այս իրողությունն առաջիկայում բնորոշ է լինելու ոչ միայն ԲՀԿ-ին, այլև նույնիսկ Հանրապետական կուսակցությանը: Պարզապես ՀՀԿ-ի դեպքում դա պառակտումներով չէ, որ կդրսևորվի: Այսինքն՝ ՀՀԿ-ից ոչ ոք դուրս չի գա՝ խորհրդարանական տեղի հույսը կորցնելու պատճառով: ՀՀԿ-ի դեպքում ավելի հավանական է այլ բան՝ առևտուրը, ներկուսակցական առևտուրը, որ կարող են սկսել տեղի հույսը կորցնողները՝ այլոց, այսինքն՝ հույս ունեցողներին կամ հույս պահպանողներին աջակցելու հարցում: Այսինքն՝ նրանք, ովքեր կկորցնեն խորհրդարանական տեղերի հույսը, շահավետ առաջարկներ կանեն հույսը պահպանողներին, որովհետև նրանք պետք է իրենց հույսերը արդարացնեն բավականին թեժ ներկուսակցական պայքարում: Հատկապես նկատի ունենալով, որ Սերժ Սարգսյանը սկսել է վերադասավորումների և, այսպես ասած, սերնդափոխության մի գործընթաց, ինչը բավական թեժացնելու է պայքարը խորհրդարանական տեղերի համար: Ավելին՝ հույսը կորցնողները ոչ թե իրենք, այլ հենց նրանց կարվեն առաջարկներ եւ հույս ունեցողներից ով շահավետ առաջարկ անի, նրան էլ կաջակցեն հույսը կորցրածները: Բանն այն է, որ ՀՀԿ խորհրդարանական նախընտրական համամասնական ցուցակում առավել շահավետ և հեռանկարային տեղեր կունենան նրանք, ովքեր կկարողանան առավել ուժեղ ներկուսակցական դիրքերի գալ: Իսկ դրա համար պետք է ձայն հավաքել՝ ոչ թե հասարակության քվեի, այլ կուսակցական աջակիցների տեսքով: Այ, դա արդեն Հայաստանի և հանրային կյանքի համար նշանակություն կունենա, և ոչ այն իմաստով, որ հասարակությունը ականատես կլինի ներհհկական պայքարի ճոխ տեսարանների, որոնք կփոխարինեն հացի բացակայությանը: Բանն այն է, որ այդ ներկուսակցական պայքարի արդյունքում ՀՀԿ-ի տարբեր թևերը կջանան հասարակության առաջ մյուս թևի դեմքը, իհարկե, ոչ բացահայտ, սակայն բավական կոնկրետ և առարկայորեն պատռելու հարցում՝ ակնկալիքով, որ Սերժ Սարգսյանին հետո պետք չեն գա նման պատռված դեմքեր: Իհարկե, դա այն չէ, ինչը պետք է Հայաստանը դուրս բերի բավականին բարդ տնտեսա-քաղաքական իրավիճակից, սակայն դա գոնե նվազագույնն է, որ այս վիճակում կարող է լինել հանրության համար՝ երբ գոնե իշխանությանը հնարավորինս մերկացնելու հոգսը հանրության վրա չի մնա, իշխանությունն ինքը կմերկանա հանրության առաջ, հանուն մանդատների: Պարզապես խոսք կլինի ոչ թե մերկապարի, այլ մերկապայքարի մասին»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր