1819 դիտում
21:06 09-03-2016
Արդարադատության ակադեմիայում տեղի ունեցավ Ակադեմիայի և ՄԱԿ Փախստականների հարցերով հայաստանյան ներկայացուցչության միջև հուշագրի ստորագրում
Մարտի 9-ին Արդարադատության ակադեմիայում տեղի ունեցավ Արդարադատության ակադեմիայի և ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցչության միջև համագործակցության վերաբերյալ Փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությունը:
Հուշագիրը ստորագրել են ՄԱԿ ՓԳՀ-ի Ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթը և Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը, ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ Աննա Վարդապետյանը, քաղաքացիական հասարակության, տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Կարևորելով երկկողմ համագործակցությունը՝ Ակադեմիայի ռեկտորն իր ելույթում նշեց, որ Ակադեմիան և ՄԱԿ ՓԳՀ-ն ցանկանում են համատեղ աշխատել՝ Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողների, փախստականների, քաղաքացիություն չունեցող անձանց պաշտպանության հարցում դատական մարմինների դերակատարումն ամրապնդելու ուղղությամբ, մասնավորապես՝ դատավորների, դատախազների, քննիչների վերապատրաստման դասընթացների կազմակերպման միջոցով: Ակադեմիայում նախատեսվում է վերը նշված թեմաներով մշակել և ներդնել վերապատրաստման հեռաուսուցման և առկա ուսուցման ծրագրեր:
Իր խոսքում պարոն Քրիստոֆ Բիրվիրթը՝ ՄԱԿ ՓԳՀ Ներկայացուցիչը Հայաստանում, բարձր գնահատեց Հայաստանում ապաստանի համակարգի զարգացման գործում առկա առաջընթացը և այն դերը, որը Հայաստանը կատարում է Սիրիայի հակամարտության հետևանքով տեղահանված անձանց պաշտպանություն տրամադրելու գործում: Նա նշեց. «Քանի որ ապաստանի հիմնական ինստիտուտների հիմնադրման գործընթացը մոտեցել է ավարտին, կարողությունների զարգացման, վերապատրաստման և տեխնիկական աջակցության մեր ջանքերն այժմ ուղղվում են կարողությունների հարմարեցմանը փոփոխվող կարիքներին և որոշումների կայացման գործընթացի որակի հետագա բարելավմանը»:
Պարոն Բիրվիրթը շեշտադրեց դատական համակարգի կարևոր դերակատարությունը փախստականների պաշտպանության, փախստականների, այլ տեղահանված և քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների պաշտպանության բնագավառում պետությունների կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների իրականացումը ապահովելու գործում: Նա նշեց, որ դատական համակարգի դերը ընդգրկում է իրավունքի և խնդիրների մի շարք բնագավառներ, ներառյալ առաջին ատյանում կարգավիճակի վերաբերյալ որոշումների վերանայումը, որոշակի հանգամանքներում ապօրինի սահմանահատման համար փախստականներին պատժի չենթարկելու սկզբունքի պահպանումը, փաստաթղթավորման և սոցիալական ծառայությունների
հասանելիության ապահովումը:
Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանն իր խոսքում նշեց, որ օմբուդսմենի գրասենյակն իր գործունեության ընթացքում արձանագրել է վերոնշյալ ոլորտի իրազեկվածության բավարար մակարդակի պակաս: Նրա խոսքով՝ կողմերի համագործակցությունը թույլ կտա խորացնել Ակադեմիայում վերապատրաստվողների մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, ինչպես նաև ավելի արդյունավետ մեխանիզմներ ստեղծել փախստականների իրավունքների պաշտպանության համար:
Տեղեկացնենք, որ հուշագրի հիմքը հանդիսանում է «Ապաստանի համակարգերի որակի նախաձեռնություն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում» 2015-2017թթ. տարածաշրջանային ծրագիրը, որի նպատակն է բարելավել տարածաշրջանում ապաստանի տարածքը և փախստականներին ու ապաստան հայցողներին պաշտպանության տրամադրման մեթոդները: Առանձնահատուկ ուշադրություն դարձնելով միջազգային չափանիշներին համապատասխան փախստականի կարգավիճակի տրամադրման ընթացակարգերին՝ ծրագիրը կօգնի վերհանել և վերացնել տարբեր մակարդակներում առկա խնդիրները, ներառյալ դատական համակարգում, որը կարևոր երաշխիք է ապաստանի հարցերով զբաղվող լիազոր մարմինների կողմից որոշումների կայացման որակն ապահովելու հարցում:
Արդարադատության ակադեմիայի և ՄԱԿ ՓԳՀ-ի միջև կնքված փոխըմբռնման հուշագիրը խորհրդանշում է փախստականների, ապաստան հայցողների, այլ տեղահանված բնակչության և քաղաքացիություն չունեցող անձանց պաշտպանության ուժեղացմանն ուղղված համատեղ ջանքերը՝ փորձագիտական հմտություններն ու գիտելիքները համախմբելու, ամրապնդված համագործակցությունն ու համակարգումը միավորելու և փոխգործակցության հնարավորություններն օգտագործելու միջոցով: Նախատեսվում է Արդարադատության ակադեմիայի 2016-2017թթ. ուսումնական ծրագրում ներառել փախստականների և քաղաքացիություն չունեցող անձանց առնչվող միջազգային և ներպետական իրավունքի վերաբերյալ դասընթացներ:
Նմանատիպ նյութեր
3988 դիտում
20:12 14-10-2016
Արդարադատության ակադեմիայում տեղի ունեցավ ակադեմիայի խորհրդանշան- արձանի օրհնման արարողությունը
776 դիտում
21:25 02-04-2015
Համագործակցության հուշագրի ստորագրում՝ Նոտարական պալատում
Այս բաժնից
640 դիտում
09:31 25-12-2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
964 դիտում
23:38 24-12-2024
Երեւանի քաղաքային իշխանությունը անհիմն թանկացումների մասին հերթական որոշումն ընդունեց. Հայկ Մարության