«Ռոնալդուն է ուժեղ, թե Մեսին» թեմայով վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ
Ողբերգությամբ է ավարտվել «Ռոնալդուն է ուժեղ, թե Մեսին» թեմայի շուրջ վիճաբանությունը: Պորտուգալացու նիգերիացի երկրպագուն մահացու վնասվածք է հասցրել Մեսիի երկրպագուին:
Ողբերգությունը տեղի է ունեցել Հնդկաստանի Նալասոպար քաղաքում` Մեսիի 34-ամյա երկրպագուի ծննդյան տարեդարձի ժամանակ: Խնջույքի ընթացքում երկու հարձակվողների վերաբերյալ վեճ է սկսվել, թե նրանցից ով է լավագույնը:
Կողմերը մնացել են իրենց կարծիքներին ու վեճը վերածվել է ծեծկռտուքի: Մեսիի երկրպագուն բաժակը նետել է Ռոնալդուի երկրպագուի ուղղությամբ, սակայն վրիպել է և բաժակը կոտրվել է: Ռոնալդուի երկրպագուն ապակյա բաժակի կտորներից մեկը վերցրել է և դրանով մահացու հարված հասցրել հակառակորդին, որը արյունաքամ է եղել և մահացել:
Նշենք, որ Ռոնալդուի 24-ամյա երկրպագուն դեպքից հետո ձերբակալվել է: