211652_close_icon
views-count6452 դիտում article-date 14:41 07-03-2016

Կրտսեր դուստրերս ցանկանում են գնալ իրենց հայրիկի ճանապարհով ու երբեմն քննադատում են ինձ. Զարուհի Փոստանջյան

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կրտսեր դուստրերը երբեմն քննադատում են իրենց մայրիկին ու ասում` պետք չի գնաս Ազգային ժողով: Իրենք էլ ցանկանում են շարունակել հայրիկի ճանապարհով` բժիշկ դառնալ, այսօր լրագրողների հետ զրույցում անկեղծանալով` պատմեց Զարուհի Փոստանջյանը: Մի անգամ Զարուհին իր ամենափոքրիկին տարել է խորհրդարան ու այնտեղ երեխան իմանալով, որ մայրիկի խոսափողն անընդհատ անջատում են, ասել է, թե նման աշխատանքի վայր իրեն պետք չէ: Զարուհի Փոստանջյանը Մարտի 8-ի կապակցությամբ անդրադարձավ քաղաքականության մեջ գենդերային հիմնախնդրին, այն է` կանայք մրցունակ են, բայց իրենց արժանի տեղը չեն գտնում քաղաքական դաշտում: «Հայաստանում կանայք քաղաքական դաշտում իրենց տեղը դեռեւս լիարժեք չեն զբաղեցնում։ Թեպետ, Հայաստանում երիտասարդ կանայք կրթված են, իրենց ինքնազարգացման վրա շատ են աշխատում, ի տարբերություն երիտասարդ տղամարդկանց, որոնք բավականին թուլացել են»,- ասաց նա: «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ «Ժառանգությունը» մասնակցելու է Գյումրիում և Վանաձորում կայանալիք քաղաքապետի ընտրություններին, Հրազդանում` ոչ: «Քննարկման փուլում է գտնվում այդ հարցը, շուտով դուք կիմանաք, թե Ժառանգությունն ինչ ձեւաչափով մասնակցություն կունենա ՏԻՄ ընտրություններին, մենք շատ ենք կարեւորում այդ ընտրությունները, այդտեղ մեր մասնակցությունը պետք է լինի լիարժեք»,- նշեց Փոստանջյանը: Հիշեցնենք, որ սեպտեմբերին կայանալիք Վանաձորի և Գյումրիի ՏՒՄ ընտրությունները կանցկացվեն Նոր Ընտրական օրենսգրքով, որը հունիսի 1-ին արդեն պետք է ընդունված լինի: Եվ այդ ընտրությունները, եթե արմատական փոփոխություններ չլինեն, պետք է անցկացվեն անուղղակի ընտրությունների միջոցով: Զարուհի Փոստանջյանը նոր Ընտրական օրենսգրքի նախագծում Սահմանադրության հետ հակասություններ է տեսնում: Նրա գնահատմամբ` այս համամասնական ընտրակարգը նույն մեծամասնականն է: «Սա 41 մեծամասնականի վատագույն ընտրակարգն է, որը մեզ համար մերժելի է: Այն ինչ իրենք քարոզել են, իրենք գնացել են դրա դեմ»,- հայտարարեց Զարուհի Փոստանջյանը:

Նմանատիպ նյութեր