211652_close_icon
views-count3586 դիտում article-date 22:10 06-02-2021

Ոստիկանության լեյտենանտ Անդրանիկ Մարդոյանի երեխաները հաճախ են գնում Եռաբլուր. բայց ոչ թե հայրիկի հետ, այլ հայրիկի մոտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության լեյտենանտ Անդրանիկ Մարդոյանն է երբ մայր հողին վտանգ էր սպառնում, չվարանեց, զենք վերցրեց ու գնաց կռիվ։ Գնաց կռիվ, անձնվիրաբար մարտնչեց ու անմահացավ։ Մարդոյանի մասին նյութ է պատրաստել ՀՀ Ոստիկանությունը:

Լեյտենանտ Անդրանիկ Մարդոյանը Երևանից էր։ Ծառայել էր Արցախի լեգենդար զորամասերից մեկում՝ Եղնիկներում։ Ոստիկանության զորքերի կազմով Տավուշում մարտական ծառայություն էր իրականացրել։ Մասնակցել էր ապրիլյան մարտերին։ Այս անգամ հայրենի հողը պաշտպանելու համար Արցախ մեկնեց սեպտեմբերի 29-ին։ Մասնակցում էր Քարվաճառի պաշտպանական մարտերին։

Ֆիզիկապես ուժեղ էր. մարզվում էր ամեն օր։ Անգամ մարտական հերթապահության էր մեկնում մարզագույքով։

Կարճ ժամանակ հանգստանալուց հետո մեկնում է Արցախ՝ այս անգամ մասնակցելու Շուշիի պաշտպանությանը։ Նոյեմբերի լույս 5-ի գիշերը թշնամին գրոհում է։

«Պայթյուն եղավ, մեր տղաներից զոհվեցին։ Ես ծանր վնասվածք ստացա։ Զգացի, որ արնաքամ եմ լինում։ Մութ էր, ոչ ոք ինձ չէր նկատում։ Մտածում էի՝ այդպես էլ կմահանամ։ Որոշ ժամանակ անց մեր դասակի հրամանատար Անդրանիկ Մարդոյանը մոտեցավ ինձ, դրեց ուսերին ու տարավ մինչև շտապօգնության մեքենան։ Փրկեց իմ կյանքը։ Ես պարտական եմ նրան։ Ճիշտ է, ծանր վնասվածք ունեմ, բայց նրա շնորհիվ ողջ եմ»,-ասում է Սերյոժա Հակոբյանը։

Լեյտենանտ Անդրանիկ Մարդոյանը զոհվեց օրեր անց՝ հայոց հինավուրց բերդաքաղաքի պաշտպանության մարտերում։ Նա հետմահու պարգևատրվեց «Սխրագործության համար» մեդալով։

Ի դեպ, նույն օրերին ռազմաճակատի մեկ այլ ուղղությունում թշնամու դեմ մարտեր էր մղում Անդրանիկի եղբայրը՝ Արա Մարդոյանը։

Նա ծառայակցին բժշկական օգնություն ցուցաբերելիս վիրավորվել է թշնամու դիպուկահարի կրակոցից ու հրաշքով փրկվել։

Անդրանիկի ծնողներն ասում են, որ նրա մասին կարելի է շատ խոսել, սակայն ամենաճիշտն ինքն է իր մասին ասել իր երգերով ու բանաստեղծություններով։

Անդրանիկ Մարդոյանը տարիներ առաջ ամուսնացել էր Սյուզիի հետ, ունեցել երկու զավակ՝ Աշոտն ու Ալիսան։ Պատմում են, որ հաճախ էր երեխաների հետ գնում Եռաբլուր։ «Մի 10-15 երեխա լցնում էր մեքենան ու տանում Եռաբլուր։ Ասում էի՝ Անդո ջան, մի տար երեխաներին. նոր էր մեքենա վարել սովորում, վախենում էի։ Ասում էր՝ չէ, պետք է տանեմ, ինչո՞ւ չիմանան ինչ տեղ է։ Ու հիմա մենք պիտի շարունակենք դա։ Այսօր երեխաները ասում են, Սամո հոպար, բա չե՞նք գնում Եռաբլուր»,-պատմում է ազգականը՝ Սամվել Մարդոյանը։

Անդրանիկ Մարդոյանի երեխաները հայրիկի պես երգում են, հայրիկի պես մարզվում, հայրիկի պես մեդալներ ստանում։ Էլի հաճախ են գնում Եռաբլուր։ Բայց ոչ թե հայրիկի հետ, այլ… հայրիկի մոտ։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր