211652_close_icon
views-count2064 դիտում article-date 13:33 07-03-2016

Վանաձորը Գյումրու կողքին է. ի աջակցություն գյումրեցի անօթեւանների՝ մենահամերգով հանդես կգա «Հորովել» երգի-պարի անսամբլը

Գյումրեցի մի խումբ երիտասարդների նախաձեռնությամբ սկսված եւ Գյումրու անօթեւան 13 ընտանիքների բնակարանով ապահովելու համար սկիզբ առած միջազգային դրամահավաքին այս օրերի ընթացքում միացան աշխարհի տարբեր անկյուններից, մարաթոնն անտարբեր չթողեց խնդրին ծանոթ ու անծանոթ հարյուրավոր մարդկանց՝ օր օրի մեծացնելով նախաձեռնության մասշտաբներն ու աշխարհագրությունը: Վանաձորի քաղաքապետարանի «Հորովել» երգի-պարի անսամբլը եւս, քաջ գիտակցելով աղետի գոտու խնդիրներն ու անօթեւանության հետեւանքները, միանում է գյումրեցի անօթեւան 13 ընտանիքների բնակարանով ապահովելու համար սկսված միջազգային մարաթոնին՝ այսպիսով ցույց տալով, որ Վանաձորը, ունենալով նույն խնդիրը, Գյումրու կողքին է: Ապրիլի 16-ին, ժամը 18:30-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում «Հորովել»-ը ելույթ կունենա՝ ի աջակցություն գյումրեցի անօթեւան ընտանիքների: Հատուկ այս ծրագրին միանալու համար կազմակերպվող բարեգործական համերգի ողջ հասույթը կփոխանցվի նախաձեռնության հեղինակներին: Այս օրերին վանաձորյան «Հորովել»-ը պատրաստվում է մայիսի 10-ին՝ Երեւանում կայանալիք մենահամերգին: Ճիշտ նույն ծրագրով, ինչ հորովելցիները ելույթ կունենան մայրաքաղաքում, նախեւառաջ կներկայանան Վանաձորի հանդիսատեսին՝ վանաձորցիներին հնարավորություն տալով դառնալ բարեգործական նախաձեռնության մասնակից ու իրենց ներդրումն ունենալ դրամահավաքի կայացման գործում: Համերգի ընթացքում կցուցադրվեն անօթեւան ընտանիքների եւ դրամահավաքի մասին պատմող ֆիլմեր: Կազմակերպիչների փոխանցմամբ, թեեւ միջազգային մարաթոնի վերջնաժամկետ է սահմանված մարտի 20-ը, բայց վստահությունը, որ մեծ աղմուկ հանած ծրագիրը շարունակական է լինելու՝ որոշվել է այս կերպ միանալ նախաձեռնությանը: «Հորովել»-ի՝ ապրիլի 16-ի բարեգործական համերգը ինքնաբուխ ցանկության արդյունք է՝ հաղորդագրությամբ՝ որ Վանաձորը Գյումրու կողքին է եւ որ միասին՝ հնարավոր է….

Նմանատիպ նյութեր