«Հանրային առողջության նոր մարտահրավերները». նախարարական համաժողով
Մարտի 1-ին և 2-ին Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Հանրային առողջության նոր մարտահրավերները» խորագրով միջազգային նախարարարական համաժողով, որին մասնակցելու նպատակով մեր երկիր են ժամանելու Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի և Բելառուսի առողջապահության նախարարները, Ղազախստանի առողջապահության փոխնախարարը, ԱՀԿ եվրոպական գրասենյակի քաղաքականության վարչության ղեկավարը, ինչպես նաև առողջապահության ոլորտի այլ անվանի ներկայացուցիչներ:
Համաժողովի նպատակն է քննարկումների և գիտական ելույթների միջոցով բարձրաձայնել հանրային առողջապահության ոլորտում առկա հիմնախնդիրները և մարտահրավերները, մոտեցնել երկրների դիրքորոշումները և հանդես գալ համատեղ հայտարարությամբ: Տարբեր երկրներից ժամանած մասնագետների քննարկման առանցքում կլինեն առողջ ապրելակերպին, ճիշտ սննդակարգին, ֆիզիկական ակտիվությանը, ալկոհոլի, ծխախոտի դեմ պայքարին ուղղված, ինչպես նաև այլ կարևոր հիմնահարցեր:
Հանրային առողջությունը ոչ միայն ազգային անվտագության համար առաջնահերթ գործոն է, այլև հասարակության արդյունավետ գործունեության համար անհրաժշետ սոցիալ-տնտեսական քաղաքականության չափանիշ:
Համաժողովի շրջանակում կուրվագծվեն և համատեղ կմշակվեն հիվանդությունների կանխարգելման և առողջության ամրապնդման ծրագրեր, որոնք ուղղված են վարքագծային ռիսկի գործոնների դեմ պայքարին: Ուշադրության կենտրոնում է նաև բնակչության առողջության պահպանման ռազմավարությունների մշակումը, հանրային առողջության որակի վերահսկման նորմատիվների ստեղծումը, որոշումների կայացման համար ժամանակակից մեթոդների ներդրումը:
Միաժամանակ, միջոցառումը կնպաստի երկրների միջև համագործակցության զարգացմանը և առկա կարողություններն ի սպաս կդրվեն` այլ երկրների ուշադրությունը հանրային առողջության ոլորտի խնդիրների վրա հրավիրելու համար: