211652_close_icon
views-count1338 դիտում article-date 19:51 26-02-2016

Չինաստանում ՀՀ դեսպանը դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ մի շարք հանդիպումներ ունեցավ իր չինացի գործընկերների հետ

Փետրվարի 17-26-ը Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ մի շարք հանդիպումներ ունեցավ իր չինացի գործընկերների հետ։ Փետրվարի 17-ին դեսպան Սարգսյանը հանդիպում անցկացրեց Չինաստանի Կումկուսի Կենտկոմի Միջազգային բաժնի պետի տեղակալ, փոխնախարար Ճոու Լիի հետ։ Հանդիպման ընթացքում շոշափվեցին երկկողմ, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության և կայունության ամրապնդմանը ու զարգացմանն ուղղված հնարավորությունները։ Ընդգծվեց, որ բացառապես խաղաղ ճանապարհով տարածաշրջանում առկա խնդիրների կարգավորումը բխում է բոլոր կողմերի շահերից և նպատակներից։ Փետրվարի 22-ին «Չինական Մեծ պատ արդյունաբերական կորպորացիայի» փոխնախագահ Ճաո Չունչաոյի հետ ունեցած հանդիպման ընթացքում քննարկվեցին «Cubesat» տեսակի արբանյակներ բաց թողնելու գործում համագործակցության մանրամասներ, ինչը Հայաստանի հետ տարբեր գիտական ոլորտներում ապագա համագործակցության հիմք կարող է հանդիսանալ։ Փետրվարի 23-ին Չինաստանի ԱԳ փոխնախարար Լի Խուիլայի հետ հանդիպմանը չինացի դիվանագետը շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանը սկզբունքային հարցերում Չինաստանին սատարելու համար։ Նա նշեց, որ Չինաստանը ցանկանում է խորացնել Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում, հատկապես կարևորելով համագործակցությունը ԵԱՏՄ և ՇՀԿ շրջանակներում։ Փետրվարի 25-ին դեսպան Սարգսյանը հրաժեշտի հանդիպում ունեցավ նաև Պետխորհրդի խորհրդական, Չինաստանի Կոնֆուցիուսի ինստիտուտների գլխամասային գրասենյակի գլխավոր տնօրեն տիկին Սյու Լինի հետ։ Կողմերը կարևորեցին Երևանում Կոնֆուցիոսի ինստիտուտի արդյունավետ գործունեությունը` նշելով, որ այն յուրահատուկ հարթակ է հայ-չինական կրթական համագործակցությանը վերաբերող հարցերի քննարկման համար, ինչպես նաև հայ և չին ժողովուրդների բազմադարյա բարեկամության և համագործակցության վառ օրինակ է հանդիսանում։ Փետրվարի 26-ին կայացավ ՀՀ դեսպանի հրաժեշտի հանդիպումը Չինաստանի մշակույթի փոխնախարար Դինգ Վեյի հետ։ Վերջինս հորդորեց հայկական կողմին ակտիվ մասնակցություն ունենալ տարվա ընթացքում Չինաստանում կազմակերպվող տարաբնույթ միջազգային ցուցահանդեսներին, փառատոններին, որոնք նպատակ ունեն ներկայացնելու հատկապես Մետաքսի ճանապարհի երկրների մշակույթը։ Հանդիպմանը երկուստեք բարձր գնահատվեց մշակութային բնագավառում համագործակցության կարևորությունը։ Չինացի գործընկերները շնորհակալություն հայտնեցին դեսպան Սարգսյանի դեսպանավարման տարիներին հայ-չինական հարաբերությունների զարգացման գործում կատարած իր աշխատանքի ու ներդրումի համար` շնորհավորելով դիվանագիտական առաքելության հաջող ավարտի կապակցությամբ։ Դեսպան Սարգսյանը, իր հերթին, շնորհակալություն հայտնեց ՉԺՀ տարբեր նախարարությունների և գերատեսչությունների գործընկերներին պաշտոնավարման ընթացքում իրեն ցուցաբերած աջակցության համար։

Նմանատիպ նյութեր