Տեխնիկական խնդիր է, մոտ ապագայում ԱԺ ՕԵԿ խմբակցությունը կլուծարվի և կդառնա «Հայկական վերածնունդ»
«Հայկական վերածննդի» վերածված «Օրինաց երկիր» կուսակցությունը կլուծարվի և կդառնա «Հայկական վերածնունդ», իսկ որ դեռ ՕԵԿ է կոչվում, տեխնիկական խնդիր է: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:
«Ըստ ընթացակարգի` գործող օրենսդրությամբ, չգիտեմ, դուք ուսումնասիրել ե՞ք, կազմի հետ կապված խնդիրները և խմբակցության լուծարման հետ կապված խնդիրները կարգավորված են, անվանախոփոխության հետ կապված խնդիրը դեռ կարգավորված չէ, մոտ ապագայում կկարգավորվի և դա տեխնիկական խնդիր է»,-ասաց Հ. Մարգարյանը` ընդգծելով, որ այսօրվանից իրենք կոչվում են «Հայկական վերածնունդ» կուսակցության պատգամավորներ:
Հովհաննես Մարգարյանը, պատասխանելով այն հարցին, թե ՕԵԿ-ը, վերափոխվելով Հայկական վերածնունդ կուսակցության, արդյո՞ք կվերականգնի նաև իր հեղինակությունը, հայտարարեց. «Քամին անհրաժեշտ է ծառին, որ արմատներն ավելի ամուր լինեն, եթե արհեստածին չէ և փոթորիկ չէ»:
Ավելին` ըստ «ազգայինվերածննդականի»` մի շարք անհատներ հույսի ճգնաժամի այս պայմաններում փոխանակ հույսն ու հավատը բարձրացնեն, ընկել են, հարցեր են բարձրացնում, որոնք ժողովրդին չեն էլ հուզում:
«Այո՛, հավատում են այն գործընթացին, որը կա, միանում են, աջակցում են, սատարում են: 150-ից ավելի հասարակական-քաղաքական կազմակերպության անդամներ միավորվեցին և համագործակցեցին, և այս գործընթացը ցույց տվեց, որ հավատ առաջացել է ժողովրդի մոտ»,-ասաց նա:
Իսկ թե Արա Աբրահամյանի հետ համագործակցություն հնարավորություն կա՞ նոր կուսակցության շրջանակներում, Հովհաննես Մարգարյանը նշեց, որ թե՛ իրենք, թե՛ Արա Աբրահամյանը շատ է խոսել, որ այս գործընթացում որևէ առնչություն չի ունեցել: