211652_close_icon
views-count1626 դիտում article-date 18:03 10-02-2016

ՀՀ նախագահը Սահմանադրական բարեփոխումների իրական ապահովման գործընթացի կազմակերպման մասին հրամանագիր է ստորագրել

Կարևորելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի սեպտեմբերի 4-ի ՆՀ-207-Ն հրամանագրով նախաձեռնված սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովման գործընթացի պատշաճ կազմակերպումը, նպատակ ունենալով ապահովելու իրավունքի գերակայության սկզբունքի հետևողական իրացումը, մարդու հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավորման իրավական կառուցակարգերի հետագա կատարելագործումը, իշխանությունների լիարժեք հավասարակշռումը և հանրային կառավարման արդյունավետությունը, ելնելով 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեով ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններով պայմանավորված՝ Սահմանադրության նոր դրույթների ամբողջական կենսագործման, ընդունման ենթակա իրավական ակտերի շրջանակի հստակեցման, դրանց մշակման գործընթացի համակարգման անհրաժեշտությունից, ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 49-րդ հոդվածով, 55-րդ հոդվածի 6-րդ կետով և 56-րդ հոդվածով՝ ո ր ո շ ու մ ե մ. 1. Հաստատել 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեով ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններով (այսուհետ՝ Սահմանադրության փոփոխություններ) անվանականորեն սահմանված և ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկը՝ համաձայն 1-ին հավելվածի։ 2. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովմանն աջակցող մասնագիտական խորհրդակցական խորհուրդ: 3. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովմանն աջակցող մասնագիտական խորհրդակցական խորհրդի անհատական կազմը` համաձայն 2-րդ հավելվածի: 4. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովմանն աջակցող մասնագիտական խորհրդակցական խորհրդի գործունեության կարգը՝ համաձայն 3-րդ հավելվածի: 5. Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ 1) ապահովել սույն հրամանագրի 1-ին հավելվածում նշված օրենքների նախագծերի մշակումը և դրանք սահմանված կարգով և ժամկետներում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը. 2) քննարկել և մեկամսյա ժամկետում հաստատել Սահմանադրության փոփոխությունների՝ օրենքով կարգավորման պահանջ ուղղակիորեն նախատեսող դրույթների հիման վրա ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկը, ապահովել դրանց նախագծերի մշակումը և դրանք սահմանված կարգով և ժամկետներում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը. 3) քննարկել և երկամսյա ժամկետում հաստատել Սահմանադրության փոփոխություններով պայմանավորված՝ ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա՝ սույն հրամանագրի մեջ չնշված այլ օրենքների ցանկը, ապահովել դրանց նախագծերի մշակումը և դրանք սահմանված կարգով և ժամկետներում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը. 4) կազմակերպել և ապահովել ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի համապատասխանեցումը Սահմանադրության փոփոխություններին և դրանց հիման վրա ընդունված օրենքներին. 5) Սահմանադրության փոփոխություններով պայմանավորված՝ ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների շրջանակի հստակեցման, դրանց մշակման և ընդունման գործընթացում մասնագիտական աջակցություն, այդ թվում՝ խորհրդատվություն ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովմանն աջակցող մասնագիտական խորհրդակցական խորհրդին մշակման փուլում տրամադրել սույն կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված ցանկերը և սույն հրամանագրի 1-ին հավելվածում նշված օրենքների նախագծերը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև սույն կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված ցանկերում ընդգրկված օրենքների նախագծերը. 6) սույն կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերի պահանջների կատարումն ապահովել մինչև 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության բոլոր դրույթների ուժի մեջ մտնելը։ 6. Սույն հրամանագրի 1-ին հավելվածում նշված օրենքների ցանկի 4-րդ սյունակում առաջինը հիշատակված մարմինը տվյալ օրենքի նախագիծը (նախագծերի փաթեթը) մշակելու համար հիմնական պատասխանատուն է։ Սյունակում նշված մյուս մարմինը հիմնական պատասխանատու մարմին կարող է ներկայացնել առաջարկություններ, առարկություններ և անհրաժեշտ նյութեր՝ հիմնական պատասխանատու մարմնի կողմից համապատասխան օրենքների նախագծերը (նախագծերի փաթեթը) սահմանված կարգով և ժամկետներում մշակելու և իրավասու պետական մարմին ներկայացնելու նպատակով: 7. Սույն հրամանագրի 1-ին հավելվածում նշված օրենքների ցանկի 5-րդ և 6-րդ կետերում հիշատակված օրենքների նախագծերը մշակման փուլում ենթակա են քննարկման՝ համապատասխանաբար դատական իշխանության ինքնակառավարման մարմինների և Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմի հետ։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

Նմանատիպ նյութեր