211652_close_icon
views-count1876 դիտում article-date 09:36 09-02-2016

Ի՞նչ կուսակցություն է ստեղծելու Վարդան Օսկանյանը. «Ժամանակ»

«Ժամանակ» թեթրը գրում է. «Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի՝ կուսակցություն բացելու հեռանկարները կարծես թե դառնում են ավելի ու ավելի իրական: Դատելով Վարդան Օսկանյանի գործունեությունից՝ այդ կուսակցությունը առնվազն հռետորաբանության առումով կլինի ընդդիմադիր, անգամ կոշտ ընդդիմադիր դիրքերում: Թե որքանով կարող է իրական ընդդիմադիր լինել այդ կուսակցությունը՝ երևի թե հնարավոր է որոշակի եզրահանգումներ անել ԲՀԿ-ում Վարդան Օսկանյանի գործունեությունից: Բանն այն է, որ ԲՀԿ-ում կոշտ ընդդիմության նշաձող սահմանած նախկին արտգործնախարարը մեծ հաշվով այդպես էլ քաղաքական գնահատական չտվեց այն իշխանությանը, այն ժամանակահատվածին, որում ինքն էլ նախարար էր և կրում էր տեղի ունեցողի հանդեպ քաղաքական պատասխանատվություն: Մինչդեռ այդ ժամանակահատվածում տեղի են ունեցել լրջագույն իրադարձություններ, հանրության հանդեպ բռնության լրջագույն դեպքեր, որոնց գագաթնակետը Մարտի 1-ի արյունահեղությունն էր, առավել ևս՝ Վարդան Օսկանյանի խոսնակային դերակատարմամբ: Խնդիրն այն է, որ նմանօրինակ քաղաքական գնահատականը ունի առանցքային երկու խնդիր: Նախ՝ այդ գնահատականը հանրության համար ինքնին որոշակի երաշխիք և համոզիչ փաստարկ է առ այն, որ իշխանության մեջ եղած գործիչը, այդուհանդերձ, գիտակցել է Հայաստանի իշխանական համակարգի արատները և դրանց իսկապես սպառնալից բնույթն ու վտանգավորությունը պետության համար, և ներկայումս, չլինելով իշխանություն, գործող իշխանության դեմ է կանգնել ոչ թե ընդամենը այդ կոնյունկտուրային դրդապատճառներով, այլ լիովին գիտակցված և անկեղծ: Հակառակ պարագայում, եթե որեւէ սուբյեկտ դատապարտում է այն, ինչ տեղի է ունեցել 2008-ի ապրիլից հետո, բայց խուսանավում է այն կապակցությամբ, ինչ տեղի է ունեցել 2008-ի ապրիլից առաջ, դա ավելի շատ կասկած է առաջացնում, որ խնդիրը հենց «առաջ»-ն ու «հետո»-ն են, ոչ թե բուն համակարգը, որը Հայաստանում մեծ հաշվով «առաջ» և «հետո» չունի արդեն քառորդ դար: Մյուս խնդիրն այն է, որ երբ չկա այդ գնահատականը, նշանակում է՝ տվյալ գնահատականից խուսանավող սուբյեկտը որոշակի կաշկանդող հանգամանքներ ունի, որոնք էլ ներկայիս իշխանությունը կարող է օգտագործել այդ սուբյեկտի դեմ: Այսինքն՝ Վարդան Օսկանյանի դեպքում այդ քաղաքական ամբողջական գնահատականը անհրաժեշտ է նաև նրա քաղաքական անխոցելիությունը բարձրացնելու, հանրային պաշտպանվածության մակարդակը բարձրացնելու համար, եթե նա կուսակցությամբ ձեռնամուխ է լինելու հանրային շահի սպասարկմանը, ոչ թե ներգրավվելու է Հայաստանի քաղաքական դաշտի համար ավանդական դարձած ինտրիգների ասպարեզ: Բանն այն է, որ այդ դեպքում որևէ կուսակցություն՝ կամա, թե ակամա, ծառայելու է իշխող համակարգի շահին: Թե այդ շահը հատկապես որ անհատի դեպքում կարող է ավելի շատ արտահայտվել, որի դեպքում ավելի քիչ՝ սա արդեն հասարակական, պետական տեսանկյունից, ըստ էության, նշանակություն չունի, քանի որ տարբերությունները ընդհանուր առմամբ կոսմետիկ են, իսկ Հայաստանի քաղաքացիներն էլ գեղեցկության և նրբագեղության մրցույթի ժյուրի չեն, որ ընտրեն կոսմետիկայի միջև»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր