Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում տեղի ունեցավ նորակոչիկների երդման արարողություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 6-ին` ժամը 10.00-ին, Արարատյան Հայրապետական թեմի Ս. Երրորդություն եկեղեցու բակում տեղի ունեցավ ՀՀ ԶՈՒ 5-րդ բանակային զորամիավորման Անդրանիկ Օզանյանի անվան զորամասի նորակոչիկների երդման արարողությունը: Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին զորամասի հրամանատարը, սպաներ, հոգևորականներ և ծնողներ:
Այնուհետև եկեղեցում կատարվեց զինվորների օրհնության կարգ, որից հետո նրանց տրվեցին կարճաժամկետ արձակման թերթիկներ:
Նորակոչիկները երդվեցին. «Ես ..., ծառայության անցնելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, հանդիսավոր կերպով երդվում եմ՝անձնվիրաբար ծառայել հայրենիքիս՝ Հայաստանի Հանրապետությանը և հանուն նրա չխնայել կյանքս: Ենթարկվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին: Անվերապահորեն կատարել հրամանատարներիս հրամանը, պահպանել ռազմական գաղտնիքը: Ու թե դրժեմ երդումս, թող պատժվեմ օրենքի ամբողջ խստությամբ: Երդվում եմ»:
Զինվորները խոսք տվեցին հպարտությամբ կատարել անձնանվեր այս գործը և փառքով վերադառնալ իրենց հայրական օջախները, քանի որ գիտակցում են, որ բանակն է մեր անվտանգության միակ ապահովողը:
Ցանկանանք մեր զինվորներին բարի, անփորձանք ծառայություն և բարի վերադարձ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի