211652_close_icon
views-count3914 դիտում article-date 09:32 04-02-2016

Ուժային կառույցներում իրավիճակը սրվում է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի հրամանագրով Գեորգի Կուտոյանը երեկ նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ: Մինչ այս Կուտոյանը զբաղեցնում էր Սերժ Սարգսյանի օգնականի պաշտոնը և համակարգում էր դատաիրավական ոլորտը: Նրանից առաջ նախագահականում այդ պաշտոնը զբաղեցնում էր ՀՀ ներկայիս գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, որը 2011-ին նշանակվեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, իսկ 2013-ին դարձավ գլխավոր դատախազ: Կուտոյանը եւ Կոստանյանը ընկերներ են, երկուսն էլ համարվում են իշխանության երիտթևի ներկայացուցիչներ: Կուտոյանի՝ երեկվա նշանակումից հետո դատաիրավական ոլորտում լուրեր տարածվեցին այն մասին, որ նա նախագահականից դատախազություն է ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում Գևորգ Կոստանյանին փոխարինելու հեռանկարով: Իսկ Կոստանյանը դառնալու է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ: Ինչպես ասում են՝ ուժային մյուս կառույցների ղեկավարները՝ ի դեմս ԱԱԾ, ՔԿ եւ ՀՔԾ պետերի, հասան իրենց նպատակին: Կոստանյանը կհեռանա դատախազությունից եւ այլևս չի կարողանա «ջահելություն» անել ու ոչ ցանկալի բաներ զեկուցել Սերժ Սարգսյանին: Սակայն այս տեղափոխության համար դեռ հարկավոր է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի գործող նախագահ Արման Մկրտումյանը հրաժարական ներկայացնի: Թերևս սա է ամենադժվար լուծելի խնդիրը: Բանն այն է, որ դեռևս 2011 թվականից Մկրտումյանին փորձում են պարտադրել, որ նա հրաժարական ներկայացնի: Բայց չի անում՝ պնդելով, որ եթե Սերժ Սարգսյանը ցանկանում է, թող ինձ ասի, հրաժարական կտամ: Սակայն ո՛չ Սարգսյանը և ո՛չ էլ նրա ենթականերից որևէ մեկը նման հանձնարարական չի հնչեցնում, քանի որ կստացվի քրեական հանցագործություն: Այս իրավիճակի ադյունքն է, որ Արման Մկրտումյանը դեռևս պաշտոնավարում է»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր