211652_close_icon
views-count828 դիտում article-date 19:07 02-02-2016

Մենք պետք է նախ եւ առաջ գործենք, ժողովրդի մատից փուշ հանենք. Շարմազանով

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին. Հարգելի խորհրդարան, ԱԺ գարնանային նստաշրջանը մտավ իր իրավունքների մեջ եւ,նկատի ունենալով, որ 2016 թվականը նախորդելու է ընտրական 2017-ին, բնականաբար, այս դահլիճում զգացմունքային եւ ականջահաճո հայտարարությունների պակաս չի լինի: Սա բնական է, քանի որ դա քաղաքական կյանքի անբաժանելի մասն է: Այնուամենայնիվ, պետք է նշեմ, որ իշխանությունը՝ ի դեմս Հանրապետականի, չի կարող իրեն թույլ տալ նման շռայլություն: Մենք պետք է նախ եւ առաջ գործենք, ժողովրդի մատից փուշ հանենք եւ դիմակայենք բազում ներքին եւ արտաքին մարտահրավերների: Սահմանադրական բարեփոխումներից հետո մենք ապրում ենք այլեւս նոր իրողության պայմաններում, եւ պետք է արվեն քայլեր, որոնք կբխեն բարեփոխումներից: Նախ եւ առաջ, պետք է ընդունվի նոր ընտրական օրենսգիրք: Հանրապետականը վճռական է էլ ավելի թափանցիկ ու ժողովրդավարական դարձնել ընտրական ողջ գործընթացը՝ գրեթե զրոյի հասցնելով շեղումների եւ կրկնաքվեարկության գործնական հավանականությունը եւ կոչ է անում բոլոր կառուցողական ուժերին ակտիվ մասնակցել այդ հարցի քննարկմանը: Նման բարեփոխված ընտրական օրենսգրքի պայմաններում մենք հնարավորություն կունենանք անշեղորեն ընթանալ ժողովրդավարացման ճանապարհով, որի այլընտրանքը մեր երկրում չկա եւ չի կարող լինել: Հարգելի խորհրդարան, արտաքին քաղաքականության ոլորտում մեզ համար շարունակելու են առանցքային մնալ Հայոց ցեղասպանության դատապարտման ու արցախյան հարցի արդարացի եւ հայանպաստ լուծման հասնելու ուղիները: Ֆրանսիայի նախագահ Օլանդի նախաձեռնությամբ Ֆրանսիայում նախապատրաստվում է Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացնելու նախագիծը: Այս նախագծի օրակարգ վերադարձնելը գալիս է ապացուցելու, որ թուրքական ժխտողականության դեմ պայքարը ոչ միայն շարունակվում է, այլեւ թեւակոխում է նոր փուլ: Ստրասբուրգում Թուրքիայի ադրբեջանասեր փեսա Ուոլթերի զեկույցի տապալումը բառիս բուն իմաստով մեծ հարված էր ալիեւյան կեղծ քարոզչությանը: Գործը հասել է նրան, որ Ադրբեջանը բացահայտ մեղադրանք է հնչեցնում Մինսկի խմբի համանախագահ երկրների հասցեին եւ անցնելով Ռուբիկոնը՝ նրանց մեղադրում է կրոնական անհանդուրժողականության մեջ: Ադրբեջանի փորձերը՝ ղարաբաղյան հիմնահարցին տալ կրոնական երանգ, անթույլատրելի են եւ պետք է դատապարտվեն միջազգային հանրության կողմից: Կարծում եմ, որ սա հերթական ադրբեջանական ավանտյուրան է, որը չի կարող ունենալ ապագա, ինչպես ապագա չունի թուրքական ժխտողականությունը:

Նմանատիպ նյութեր