211652_close_icon
views-count2197 դիտում article-date 20:41 18-08-2015

«Պետական ծառայողը պարտավոր է օրը գոնե մի քանի անգամ մարդկանց մատից փուշ հանել». Արմեն Աշոտյան

Օգոստոսի 18-ին՝ «Բազե-2015» հավաքի երկրորդ օրը, մեկնարկել են մշակութային, սպորտային և ինտելեկտուալ մրցույթները։ Նկարչության մրցույթի ժյուրիի նախագահ, ՀՀ ժողովրդական նկարիչ Անատոլի Գրիգորյանը, տեղեկացրեց, որ ներճակատային մրցույթում մասնակիցներին տրվել է «Հայաստան» թեման, որի շուրջ երիտասարդ նկարիչները պետք է կտավին հանձնեին իրենց պատկերացումները։ Ժյուրին աշխատանքների ընտրությունը կատարելիս հաշվի է առնում ինչպես հեղինակի մտածողությունը, երևակայությունը, այնպես էլ՝ վարպետությունը, տեխնիկան։ Գնահատելով հավաքի մասնակիցների աշխատանքները՝ Անատոլի Գրիգորյանը նշեց, որ դրանք բավականին լավն են։ Նա հատկապես ընդգծեց, որ երիտասարդ նկարիչների թվում շատ են աղջիկները։ «Բազե» հավաքի մասնակիցները, բացի մրցույթներից, հանդիպումներ են ունենում պետական, հասարակական, քաղաքական, մշակութային գործիչների հետ։ Օգոստոսի 18-ին բազեականները հյուրընկալել էին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին։ Գրեթե երկու ժամ տևած հանդիպման ընթացքում նախարարը պատասխանեց բազմաբնույթ հարցերի։ Նա իր խոսքում նշեց, որ լինելով «Բազեում»՝ մտովի 13 տարի հետ է դառնում. «2002թ. առաջին անգամ «Բազեն» ճախրեց երկնքում, և ես շատ ուրախ եմ, որ երիտասարդական այս հավաքը դարձել է ավանդույթ՝ վերածվելով շարժման»։ Նախարարի հետ հանդիպմանը երիտասարդներին հետաքրքրում էր, թե ինչն է Արմեն Աշոտյանին աշխատելիս ուժ տալիս։ Ի պատասխան ԿԳ նախարարը նշեց, որ իրեն ուժ է տալիս մարդկանց օգնելու հնարավորությունը։ «Բոլոր հարցերը միանգամից լուծել հնարավոր չէ, և կախարդական փայտիկի բացակայությունը հիասթափություն է առաջացնում այն մարդկանց մոտ, ովքեր քեզնից ակնկալիք ունեն։ Բայց ամեն օր աշխատանքի գնալիս հասկանում ես, որ գոնե մի հոգու հարց կարող ես լուծել։ Եվ այդ մի հոգու հարցի լուծումը լիցքավորում է։ Ես լիցքավորվում եմ այն մարդկանց ճակատագրերով, որոնց հետո տեսնում եմ շնորհակալ, երախտապարտ, մոռացած կամ ապերախտ։ Պետական ծառայողը պարտավոր է օրը գոնե մի քանի անգամ մարդկանց մատից փուշ հանել»,- ասաց ԿԳ նախարարը։

Նմանատիպ նյութեր