211652_close_icon
views-count1693 դիտում article-date 08:37 26-01-2016

ԵԽԽՎ-ում քվեարկության են դրվելու հակահայկական բովանդակության երկու զեկույցները. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Այսօր Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում քվեարկության են դրվելու հակահայկական բովանդակության երկու զեկույցները՝ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» և «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» խորագրերով: Մինչև քվեարկության պահը շատ բարդ է կանխատեսելը՝ արդյոք դրանք կընդունվե՞ն, թե՞ ոչ: Թեեւ վերջին մեկ-երկու ամիսներին հայկական կողմը՝ խորհրդարանական և այլ խողովակներով, բավական աշխատանք է կատարել այդ զեկույցների ընդունումը կանխելու ուղղությամբ, այդուհանդերձ որեւէ երաշխիք չկա, որ դրանք չեն ընդունվի: Միակ երաշխիքը, եթե կարելի է այդպես անվանել, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություն-կոչն է ԵԽ ԽՎ-ին՝ նման զեկույցներով չխոչընդոտել ղարաբաղյան հակամարտության կարգավորման առայժմ միակ ընդունելին ձեւաչափին՝ Մինսկի խմբին: Իսկ եթե այդ փաստաթղթերն ընդունվեն, ապա դա, ի թիվս այլ բացասական հետևանքների, զգալիորեն կվնասի նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի հեղինակությանը, ինչին տարիներ շարունակ ձգտում են Ադրբեջանն ու Թուրքիան: Սակայն կոնկրետ այս երկու փաստաթղթերի ընդունման ճակատագրից բացի, Հայաստանին պետք է հուզի նաեւ այն, թե ինչու, ինչ պատճառներով է հնարավոր դարձել նման բանաձևերի ծնունդն ընդհանրապես: Ամեն ինչ միայն Ադրբեջանի «խավիարային դիվանագիտության» ու եվրոպացիների ծախվածության վրա բարդելն արդեն քաղաքական անմեղսունակության աստիճանի հասնող անզորություն է: Պետք է ազնվություն ունենալ ու խոստովանել, որ նման զեկույցները հնարավոր են դարձել նաև Հայաստանի կողմից տարիներ շարունակ վարվող անսկզբունքային արտաքին քաղաքականության, ամեն ինչ ռուսական շահերին ստորադասելու ու Եվրոպային ռուսական պրիզմայով նայելու, ու անշուշտ, ԵԽ ԽՎ նստաշրջանները զբոսաշրջային արկածների վերածած հայկական պատվիրակության անդամների կամ դրանց մի մասի աշխատանքի, իսկ ավելի հաճախ՝ անգործության պատճառով: Այս հարցերի մասին չմտածելն ու դրանցից համապատասխան հետևություններ չանելը հանգեցնելու է նորանոր նմանատիպ փաստաթղթերի ի հայտ գալուն, որոնց դեմ Հայաստանը, լավագույն դեպքում, պայքարելու է Post–skriptum: Ինչ վերաբերում է այսօրվա փաստաթղթերին, ապա դրանց չընդունվելու դեպքում հայկական պատվիրակության կողմից հաղթական «դափնիները» սեփական աշխատանքին վերագրելը, իսկ ընդունվելու դեպքում՝ եվրոպացիների ծախվածության մասին բարբաջանքը կրկնելը, վկայելու է, որ իրականում ոչ մի հետևություն էլ չի արվել: Ինչ վերաբերում է ԵԽ ԽՎ-ին, ապա այդ կառույցի ղեկավարությունը, ըստ ամենայնի, զգացել է հակահայկական այս զեկույցների ընդունման հարցում սեփական մեղավորությունը և պատժել է ինքն իրեն՝ Հերմինե Նաղդալյանը երեկ ընտրվել է ԵԽ ԽՎ փոխնախագահ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր