211652_close_icon
views-count5268 դիտում article-date 11:16 25-01-2016

Դրսում մենք ավելի սպասված ու հարգված ենք, քան Հայաստանում. երգչուհի Լեոնորան Պյատիգորսկում փայլուն հաղթանակ է տարել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայ երգչուհի Լեոնորան տարին սկսել է փայլուն հաղթանակով: Նա հունվարի 15-18-ը մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Պյատիգորսկ քաղաքում կայացած «Зимняя сказка 2016» երգի միջազգային մրցույթին և հաղթել՝ «Դասական վոկալ» անվանակարգում՝ գրավելով առաջին հորիզոնականը, իսկ ընդհանուր մրցույթում ճանաչվել բացարձակ հաղթող՝ արժանանալով «Գրան Պրի» գլխավոր մրցանակին: Երգչուհին մրցույթի առաջարկը ստացել է «Կատարողական արվեստի ասոցիացիա»-ի ղեկավար Արման Ղուկասյանի կողմից: Նա կատարել է Պուչինիի «Լաուրետային արիա»-ն և Արդիտիի «Իլ Բաչիո»-ն: Մրցույթին մասնակցել է 10 երկրից ժամանած 65 ներկայացուցիչ: «Մրցույթը հագեցած էր դրական էմոցիաներով: Զգացողություններս հաճելի էին, քանի որ կրկին վերադարձանք հաղթանակով, նվաճեցինք «Գրան Պրին»,-ասաց երգչուհին: Հայազգի երգչուհուն Հայաստանում շատ չեն ճանաչում: Նա հիմնականում հանդես է գալիս միջազգային մրցույթներում, դրսում կազմակերպված համերգներում, որով հենց զբաղվում է նրա ամուսինը՝ Վիգեն Թանաշյանը, ով նաև երգչուհու պրոդյուսերն է: «Հայաստանում դասական համերգով հանդես գալը բավականին դժվար է: Դահլիճի վարձակալությունից մինչև տոմսերի վաճառք: Միայն հրավերի դեպքում կներկայանանք մենահամերգով: Դրսի մենահամերգները մեզ և հանդիսատեսին առավելագույնս գոհացնում են: Այնտեղ մենք առավել գնահատված ու սպասված ենք»,-ասաց երգչուհու պրոդյուսերը: Լեոնորան մրցույթի կարևոր ու հաճելի պահերից խոսելով՝ նշեց, որ միջազգային ժյուրին անսպասելի նրանից խնդրել է Կոմիտասի «Կռունկ» երգը ակապելլա կատարել: Այժմ Լեոնորան պատրաստվում է հաջորդ միջազգային մրցույթին, որը տեղի կունենա Իսպանիայում, մարտին: Մրցույթին պատրաստվելու հետ մեկտեղ, երգչուհին զբաղված է 2-րդ սկավառակի աշխատանքներով, համերգներով: Նշենք, որ անցյալ տարի Լեոնորան 3 միջազգային մրցույթի է մասնակցել և վերադարձել 3 «Գրան Պրի»-ով և 1 գլխավոր մրցանակով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր