8177 դիտում
20:33 16-01-2016
«Եթե հայրիկ չունեմ,ուրեմն անիմաստ է ձմեռ պապին հավատալ».(էսսե)www.qayl.am
Ձմեռ պապի գոյությունն ապացուցողների մեջ ամենամեծ դերակատարում ունեցողները հենց երեխաների ծնողներն են: Շատ երեխաների անգիտակից ու փոշոտ հիշողության մեջ թաղված է հենց հայրիկի դեմքը` պատված Ձմեռ պապի կեղծ, բայց պարզութան խորհրդանիշ հանդիսացող սպիտակ գույնի մեջ:
Իսկ ի՞նչ են անում կամ մտածում այն երեխաները, ովքեր ծնված օրվանից կամ կյանքի ընթացքում ստիպված տեսնում են կեղծ մորուք ու վանող աչքեր: Երևի թե շատ հայրերի պատգամներից մեկն այն է, որ կյանքի ընթացքում խաղան Ձմեռ պապի հեքիաթային, բայց պատասխանատու կերպարը: Ամանորյա զանգերի կախարդական, բայց կեղծ թվացող հնչյունների մեջ թաքնված միֆը երկար տարիներ հետապնդում է հենց այն մանուկին, ում այտերից բացակայում է հայրական մաքուր ու իրական համբույրի տաք գոլորշին: Շատերի համար երկար սպասված զանգեր, իսկ գունաթափ դեմքով երեխաների համար միայնակ կատվի մռռոցի հետ ասոցացվող ձայներ են ամանորյա հնչյունները:
Մի տեսակ տխրություն, որ ամեն տարի չսպասված մահվան պես այցելում է նրանց ու հեռանում գլխիկոր, բայց ժպտալով: Սակայն նրա այցելության ժամանակ միշտ նրանք տանը չեն լինում: Իսկ եթե կամակորություն անի ու որոշի, որ վաղն էլ պիտի գա, ապա այդ դեպքում անհնար է մտածել, թե ինչ կարելի է անել: Աղբարկղի մոտ ընկած դեղնավուն մորուքի մեջ անբացատրելի հարցականներ են վազվզում այս ու այն կողմ: Փողոցային շան համար նույնպես կեղծ ու գարշելի է թվում այդ իրի գոյությունը:
Շունը նույնպես շրջանցեց ու մի կողմ փախավ: Փոքրիկ տղան վերցրեց մորուքն ու տուն քայլեց: «Միգուցե հայրիկը վերադառնա՞»,- մտածեց որբն ու ոտքով հարվածեց տան դռներին: Տան տոնական տրամադրությունը բարկացնող էր թվում տղային ու թատերական: -Մա՜մ,- գոռաց տղան ու տան կենտրոնում շպրտեց դեղնած մորուքը: Մայրական տառապած աչքերի մեջ անգիտակցությունն էր թավալվում: Մի քանի վայրկյան տևեց ապուշ լռություն, որը պիտի այդպես էլ լիներ ու դարձյալ շարունակվեց ամանորյա երազը:
Զանգերի լացի ձայնը սկսեց լսվել: Երեխան ամուր բռնել էր մորուքից ու նայում էր առաստաղին: Ամեն դեպքում երկինք էր նայում: Մտքերի տարափը խեղդամահ էր անում տղային. «Եթե հորս չեմ տեսել, ապա էլ ի՞նչ իմաստ ունի հավատալ այդ տխմար էակի գոյությանը: Հայրս պատգամը կիսատ թողեց ու փախավ այս աշխարհից: Տեսնես գոնե ո՞ր կողմ փախավ: Իսկ եթե այս մորուքը նա՞ է ուղարկել ինձ հուշելու համար, որ նորից կվերադառնա: Բայց ես գիտեմ, որ այնտեղից չեն վերադառնում:
Մաման հաստատ գիտի, թե հայրս որ կողմ փախավ: Բայց պիտի սպասենք, քանի որ հրաշքը դեռ չի ավարտվել»: Հանկարծ ամանորյա զանգերի ավարտի հետ մեկտեղ լսվեց աղմուկ: Ձայները տան դռների ետևից էր գալիս: Տղան ամուր սեղմեց մորուքն ու սեղանի մոտից ցատկեց դեպի տան դուռը: Մահվան ռեֆլեքսի նման վերջին ժպիտի պես դեմքին քարացավ սառած հայացք: Դուռը բացեց ու ձեռքերի միջից ցած ընկավ հոր գոյության մի կեղտոտ հուշ: Աղբամանի մոտ կանգնած շունն էր, երևի նա էլ էր հասկացել այդ մորուքի կարևորությունը:
Արայ Զարգարեան
http://www.qayl.am/author/ara/
Նմանատիպ նյութեր
2541 դիտում
09:26 25-02-2021
Հայրիկ. Նվիրվում է բանաստեղծ և երգահան Հայրիկ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26232 դիտում
21:30 20-11-2020
Եթե ըստ ՊՆ–ի, իմ ասածը պետական գաղտնիք է, ուրեմն կեղծ չէ, եթե կեղծ է, ուրեմն պետական գաղտնիք չէ. Մովսես Հակոբյան
Այս բաժնից
397 դիտում
18:11 27-12-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի հետ
889 դիտում
16:33 27-12-2024
Տարբեր տեսակի ու մեծ քանակի թմրամիջոցներ. Մալաթիայի համայնքային ոստիկանների բացահայտումը