211652_close_icon
views-count1368 դիտում article-date 21:58 04-12-2015

«Բարի գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիայի անդամներն այցելեցին «UWC Դիլիջան» միջազգային դպրոց

Դեկտեմբերի 2-ին ՀՀ արտգործնախարարությանը կից «Բարի գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիայի անդամներն՝ ասոցիացիայի նախագահ Նատալիա Նալբանդյանի գլխավորությամբ, այցելեցին «UWC Դիլիջան» միջազգային դպրոց: Այցը Դիլիջան մեկնարկեց վերակազմավորված Համայնքային կենտրոն (Dilijan Community Centre) այցելությամբ, որի ընթացքում «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համահիմնադիր Վերոնիկա Զոնաբենդը և հիմնադրամի ներկայացուցիչները մասնակիցներին ներկայացրին ինչպես կենտրոնում, այնպես էլ Դիլիջանում և ՀՀ այլ շրջաններում և Արցախում իրականացվող ծրագրերը: Մասնակիցները կարևորեցին կենտրոնի վերակազմավորումը, ինչը էական դեր կարող է խաղալ Դիլիջանում համայնքային կյանքի աշխուժացման գործում: Այնուհետև մասնակիցներն այցելեցին 64 երկրներից 190 սաներ համախմբող «UWC Դիլիջան» միջազգային դպրոց, որտեղ հանդիպեցին դպրոցի տնօրեն Ջոն Փադըֆութի հետ, ով ներկայացրեց դպրոցի գործունեության հիմնական ուղղությունները: Ապա ասոցիացիայի անդամները` դպրոցի սաների ուղեկցությամբ, շրջայց կատարեցին դպրոցի տարածքում՝ ծանոթանալով ուսումնառության և բնակության պայմաններին: Ասոցիացիայի անդամներն ընդգծեցին դպրոցի կարևորությունն ինչպես կրթության ոլորտում առաջընթացի և կրթության միջոցով աշխարհի հետ Հայաստանի կապերի ամրապնդման, այնպես էլ՝ նոր աշխատատեղերի ստեղծման և Դիլիջանի զարգացման տեսանկյունից: Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասոցիացիայի նախագահ Նատալիա Նալբանդյանը համառոտ ներկայացրեց «Բարի գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիայի գործունեությունը՝ անդրադառնալով նաև «UWC Դիլիջան» միջազգային դպրոց այցի նպատակներին և կիսվելով իր ստացած տպավորություններով: Նատալիա Նալբանդյանը, մասնավորապես, նշեց, որ ասոցիացիայի անդամներին հրավիրել է, որպեսզի նրանք հնարավորություն ունենան տեսնելու այն լավն ու դրականը, որ կա մեր երկրում: Նա նաև հույս հայտնեց, որ նմանատիպ ծրագրերը և նախաձեռնությունները կլինեն ավելի շատ, քանի որ նրանք կարևոր դեր են խաղում ինչպես փոքր քաղաքների զարգացման, այնպես էլ միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող կրթության ոլորտում Հայաստանի դիրքերի ամրապնդման տեսանկյունից: «UWC Դիլիջանը» միայն դպրոց չէ, այլ՝ սեփական ապագայի և իր երկրի ապագայի համար պատասխանատու երիտասարդության կրթության նոր հայեցակարգ», - ընդգծեց Նատալիա Նալբանդյանը: Տեղեկանք. Բարի գալուստ Հայաստան դիվանագիտական ասոցիացիան հիմնվել է 2009թ.: Այն միավորում է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների, դիվանագետների կանանց, կին դիվանագետներին: Ասոցիացիայի նպատակն է դյուրացնել արտասահմանցի դիվանագետների ընտանիքների ինտեգրումը հայ հասարակության մեջ: Ասոցիացիան` հայ դիվանագետների ընտանիքների, հայ մշակութային, գիտական ու գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպումների, կազմակերպվող տարբեր միջոցառումների միջոցով օտարերկրյա դիվանագետների ընտանիքների անդամներին ծանոթացնում է մեր երկրի բազմազանությանն ու հայ ժողովրդի ավանդույթներին: Օտարերկրյա դիվանագետների կանանց և կին դիվանագետների համար ասոցիացիայի կողմից կազմակերպվում են հայոց լեզվի անվճար դասընթացներ:

Նմանատիպ նյութեր