211652_close_icon
views-count1508 դիտում article-date 21:22 02-12-2015

Նախագահն ընդունել է Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի գլխավորած պատվիրակությանը. ֆոտոռեպորտաժ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին մեր երկրում` Հանրապետության Նախագահը նշել է, որ Չեխիան Հայաստանի կարևորագույն գործընկերներից է Եվրոպայում, և մեր երկիրը շահագրգռված է խորացնելու հարաբերությունները բարեկամ Չեխիայի հետ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ չեխ պատգամավորների այցը կնպաստի երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդմանը, ինչպես նաև լրացուցիչ խթան կհանդիսանա Հայաստանի և Չեխիայի օրենսդիր մարմինների միջև համագործակցության ընդլայնմանը: Այցի շրջանակներում չեխ պատգամավորները, ըստ Նախագահի, հնարավորություն կունենան նաև ավելի մոտիկից ճանաչելու հայ ժողովրդին ու Հայաստանը: Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է խոսել հայ-չեխական միջխորհրդարանական համագործակցության ներկայիս մակարդակի մասին, որն արտացոլվում է պատգամավորների ակտիվ փոխայցելություններով, երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի սերտ փոխգործակցությամբ: Նախագահը շնորհակալություն է հայտնել Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը միաձայն ընդունելու համար և նշել, որ տեղյակ է վաղը պարոն Համաչեկի գլխավորած պատվիրակության այցի մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ չեխ խորհրդարանականները հարգանքի տուրք կմատուցեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Յան Համաչեկը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին ջերմ հյուրընկալության համար, նշելով, որ ուրախ է կրկին հանդիպելու ՀՀ Նախագահին, ում պատիվ է ունեցել հյուրընկալել Չեխիայում՝ իր պաշտոնն ստանձնելուց կարճ ժամանակ հետո: Պատգամավորների պալատի նախագահը ևս բարձր է գնահատել հայ-չեխական քաղաքական երկխոսության ներկայիս մակարդակն ու հաստատված սերտ կապերը, երկկողմ հարաբերություններն ավելի խորացնելու ուղղությամբ իրականացվող գործնական ակտիվ աշխատանքը: Նա կարևորել է այդ ամենի հետ միասին տնտեսական ոլորտում առկա ներուժի լիարժեք օգտագործումը, ընդգծելով, որ խորհրդարանականները պատրաստ են աջակցելու այդ ոլորտում հարաբերությունների ընդլայնմանը: Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով համագործակցության զարգացմանը, այդ թվում՝ ԵՄ շրջանակներում, միջազգային տարբեր կառույցներում: Կողմերը գոհունակությամբ են խոսել նաև հումանիտար կապերի ամրապնդման ուղղությամբ երկուստեք ջանքերի մասին, որը, նրանց համոզմամբ, թույլ է տալիս հայ և չեխ ժողովուրդներին հաղորդակից լինել միմյանց հոգևոր, մշակութային արժեքներին: Նշելով, որ բոլորովին վերջերս Հայաստանում առիթ է ունեցել ընդունելու Չեխիայի հոգևոր առաջնորդ, Պրահայի Արքեպիսկոպոս Կարդինալ Դոմինիկ Դուկային՝ Նախագահ Սերժ Սարգսյանն այդ համատեքստում իր գոհունակությունն է հայտնել Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցին Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ծխական համայնքին տրամադրելու կապակցությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր