Արման Թաթոյանն ընդունել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի սահմանադրական և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է ճանաչողական այցով Հայաստան ժամանած Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի սահմանադրական և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Մարեկ Բենդայի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության համակարգին, Օմբուդսմանի աշխատանքի ուղղություններին ու սկզբունքներին, այդ թվում՝ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների, Բարձրագույն դատական խորհրդի հետ համագործակցությանն առնչվող հարցեր։
Մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է իր աշխատանքը Ազգային ժողովի պատգամավորների հետ ինչպես անհատապես, այնպես էլ հանձնաժողովներում։
Արման Թաթոյանը տեղեկացրել է նաև, որ արդյունավետ համագործակցություն ունի ինչպես չեխ գործընկերոջ, այնպես էլ Երևանում Չեխիայի Հանրապետության դեսպանության հետ։