211652_close_icon
views-count1039 դիտում article-date 17:12 26-11-2015

Կառավարությունը շարունակում է գործարար միջավայրի բարելավմանն ուղղված քայլերը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Գործադիրը սահմանել է այն ապրանքների ցանկը, որոնց ներմուծման դեպքում հաշվարկված մաքսատուրքի վճարման ժամկետը կարող է փոփոխվել և որոնք նախատեսված են օգտագործելու արդյունաբերական վերամշակման ընթացքում: Կարգավորման նպատակն է խթանել ներքին արտադրությունը՝ ստեղծելով բարենպաստ գործարար միջավայր: Կառավարությունը լրացումներ և փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ բարենպաստ պայմաններ ստեղծելով գործարարների համար, որպեսզի վերջիններս առանց խոչընդոտների ԵԱՏՄ տարածք արտահանեն հայրենական որոշ արտադրատեսակներ: ԵԱՏՄ անդամ երկրներին տրվում է հնարավորություն ԵԱՏՄ հաստատված տեխնիկական կանոնակարգի ստանդարտների ցանկում ներառելու իրենց ազգային ստանդարտները: Գործադիրը բավարարել է «ՋիԱրՓի Սիսթեմս» ՓԲԸ-ի կողմից ներկայացված հայտը. ընկերությունը կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: «ՋիԱրՓի Սիսթեմս»-ը հիմնվել է 2011թ., արդեն մի քանի տարի է ինչ գործունեություն է ծավալում և հանդիսանում տարածաշրջանում միակ ապակեմանրաթելային խողովակներ արտադրող ընկերությունը: Արտադրանքի հիմնական սպառողներն են փոքր հիդրոէլեկտրակայանները: Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման, նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար: Գործարար միջավայրի զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացմանն է ուղղված նաև «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու և ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն արժանացել է կառավարության հավանությանը: Օրինագծի ընդունումը պայմանավորված է հյուրանոցային ծառայություններ մատուցող տնտեսվարող սուբյեկտների համար բարենպաստ գործարար միջավայր ապահովելու անհրաժեշտությամբ: Նախագծի ընդունմամբ հյուրանոցային ծառայություններ մատուցող տնտեսվարողների համար կվերացվեն իրենց տարածքում հեռուստատեսային հաղորդումներ հեռարձակելու համար պահանջվող լիցենզիայի կամ հեռարձակման լիցենզիա ունեցող ընկերության հետ վերահեռարձակման պայմանագիր կնքելու ուղղակի ֆինանսական և վարչարարական ծախսերը, ինչպես նաև առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել առանց լիցենզավորման հեռուստառադիոհաղորդումներն Ազգային հանձնաժողովի գրավոր թույլտվության հիման վրա իրականացնելու վերաբերյալ դրույթը: Գործադիրը հավանություն է տվել «Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի նպատակն է հստակեցնել և կրճատել գործընթացի ժամկետները: Նշենք, որ այդ օրենքով կարգավորվում է գյուտի, օգտակար մոդելի և արդյունաբերական նմուշի ստեղծման, իրավական պահպանության, օգտագործման հետ կապված գույքային և անձնական՝ ոչ գույքային հարաբերությունները:

Նմանատիպ նյութեր