1521 դիտում
15:29 23-11-2015
Ալեքսանդրա Սումը, Ալեքսանդր Ռոմանովսկին և Երիտասարդական նվագախումբը՝ Սվյատոսլավ Ռիխտերի հիշատակին
Նոյեմբերի 21-ին Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի համերգը նվիրված էր անվանի ռուս դաշնակահար Սվյատոսլավ Ռիխտերի 100-ամյակին։ Երեկոյի ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ հանդես եկան մեծահամբավ երաժիշտներ՝ ջութակահար Ալեքսանդրա Սումը (Ֆրանսիա) և դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկին (Ուկրաինա/Իտալիա)։ Հնչեցին Լյուդվիգ վան Բեթհովենի «Կորիոլան» նախերգանքը, Ջութակի կոնցերտը, Պյոտր Չայկովսկու Դաշնամուրի կոնցերտ թիվ 1-ը։ Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան։
Ջութակահար Ալեքսանդրա Սումն ասում է, որ Երիտասարդական նվագախմբի հետ նվագելը մի այլ զգացողություն է. «Նրանք իմ տարիքին են։ Էներգետիկան շատ լավն է։ Ես Փարիզից եմ, ու այն, ինչ տեղի ունեցավ մեկ շաբաթ առաջ, ինձ համար շատ ծանր է։ Խնդրեցի երաժիշտներին ինձ ուժ տալ, ու ես զգացի մեծ սեր ու աջակցություն նրանց կողմից»։ Նշենք, որ Ալեքսանդրա Սումը բազմակողմանի երաժիշտ է, որ հավասարապես փայլուն ներկայացնում է կամերային և սիմֆոնիկ երկացանկ։ Համագործակցել է այնպիսի նվագախմբերի հետ, ինչպիսիք են Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ, Թուլուզի Կապիտոլիումի ազգային, Ցյուրիխի կամերային, Դանիայի ազգային սիմֆոնիկ, Հելսինկիի ֆիլհարմոնիկ, Իսրայելի ֆիլհարմոնիկ, Տոկիոյի սիմֆոնիկ նվագախմբերը և այլն։ Վերջին 10 տարիներին ակտիվորեն ներգրավված է Սեյջի Օզավա միջազգային ակադեմիայի (Շվեյցարիա) աշխատանքներում։
Դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկին ընդգծում է, որ Հայաստան պարբերաբար այցելում է և համերգներ ունենում։ «Անկեղծ ասած՝ ես ինձ այստեղ զգում եմ՝ ինչպես տանը։ Սերգեյ Սմբատյանն ամեն անգամ ինձ ասում է՝ բարի գալուստ հայրենիք. իրոք այդ խոսքերի մեջ ճշմարտություն կա։ Մարդիկ Հայաստանում շատ բարի ու անկեղծ են, ինչը մեծ հարստություն է։ Ես ուրախ եմ նվագել այս հրաշալի նվագախմբի հետ։ Երբ երաժիշտը բարձրանում է բեմ, իրականում նա մերկ է, նրան պետք չէ թաքնվել, հանդիսատեսն ամեն ինչ շատ լավ զգում է։ Եվ թիկունքին ունենալով Սերգեյ Սմբատյանի ու նվագախմբի երաժիշտների աջակցությունը՝ բեմում ստեղծվում է հրաշալի մի բան, որ կոչվում է երաժշտություն։ Ամեն անգամ Հայաստան այցելելիս այդ անկրկնելի ու խորհրդավոր բանը հայտնաբերում եմ»,- ասում է Ալեքսանդր Ռամանովսկին։
Ռոմանովսկին 17 տարեկանում արժանացել է Բուզոնիի անվան միջազգային մրցույթի 1-ին մրցանակին (Իտալիա)։ 2007-ից Decca ձայնագրման ապրանքանիշի ներքո թողարկել է քննադատների շրջանակներում ընդունելության արժանացած 3 ձայնասկավառակ՝ Շումանի, Բրամսի և Ռախմանինովի ստեղծագործություններով։ 2013-ից Ռոմանովսկին երիտասարդ դաշնակահարների Կրայնևի միջազգային մրցույթի գեղարվեստական ղեկավարն է։ Բոլորովին վերջերս որպես մենակատար Վալերի Գերգիևի ղեկավարությամբ հանդես է եկել Մարիինյան թատրոնում՝ նույն թատորնի նվագախմբի հետ։ Ջեյմս Քոնլոնի ղեկավարությամբ Չիկագոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ, Ալան Ջիլբերթի ղեկավարությամբ Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, ինչպես նաև՝ Լոնդոնի Բարբիքան կենտրոնում ՝ Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ և այլն։
Խաչատրյանի անվան փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ)։ Փառատոնը կազմակերպվել է ՀՀ Նախագահի հովանու ներքո։ Փառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, գործընկերներն են «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը, «Լուդինգ», «Ջերմուկ գրուպ» ընկերությունները, «Անի պլազան»։
Նմանատիպ նյութեր
12659 դիտում
10:46 29-10-2017
Երևանում մենահամերգով հանդես կգա աշխարհահռչակ դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկին
5834 դիտում
11:28 17-11-2023
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող. ArmSport.am
1723 դիտում
11:40 23-04-2022
Океан Ельзи-ի մենակատար Սվյատոսլավ Վակարչուկը համերգ է տվել Կիևի մետրոյում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
991 դիտում
22:00 21-01-2025
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Թուրքիայում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ
754 դիտում
21:48 21-01-2025
«Սևան» ՔԿՀ-ում բացվել է կահույքագործության արհեստանոց-կենտրոն
1012 դիտում
21:30 21-01-2025
Արարատ Միրզոյանն այցելել է Տրետյակովյան պատկերասրահ