41668 դիտում
19:41 29-10-2015
Երևանում ոստիկանության «հրեշտակների» գումարտակի աշխատակիցը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինը տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` հոկտեմբերի 29-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:50-ի սահմաններում Լենինգրադյան փողոցի թիվ 4/2 հասցեի դիմաց Երևանի բնակիչ, 24-ամյա Գարիկ Վարոսյանը իր վարած Opel մակնիշի 35 VU 198 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի Հալաբյան փողոցի բնակիչ, 67-ամյա Արտուր Բաբախանյանին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել, սակայն վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները` Երևանի ՃՈ պետի տեղակալ Հայկազ Մաթևոսյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով քննիչ Արմեն Ճանճապանյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով` Գ. Վարոսյանը աշխատում է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 5-րդ («հրեշտակների») հատուկ գումարտակում, կոչումով` ոստիկանության ենթասպա:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հետիոտնը փողոցն անցնելիս է եղել չթույլատրելի հատվածով:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+