ԱՄՆ-ն հերքել է Սիրիայում և Իրաքում ցամաքային գործողություններ սկսելու մտադրության մասին լուրերը
Միացյալ Նահանգները նախկինի պես մտադիր չէ խոշոր ցամաքային գործողություններ իրականացնել «Իսլամական պետության» դեմ Սիրիայում և Իրաքում: Այդ մասին ճեպազրույցում ասել է Սպիտակ Տան պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Շուլցը, հաղորդում է Tass-ը:
Նա հիշեցրել է, որ նախագահ Բարաք Օբաման ևս ավելի վաղ հասկացրել է, որ ԱՄՆ-ն երկարատև և լայնամասշտաբ մարտական գործողություններ իրականացնելու մտադրություն չունի, ինչպիսին ժամանակին արել է Աֆղանստանում և Իրաքում, սակայն իր գործընկերների հետ կարող է անցկացնել սահմանափակ գործողություններ, եթե հանգամանքները պարտադրեն:
Որպես օրինակ՝ Շուլցը ներկայացրել է վերջերս Իրաքի հյուսիսային Քիրքուք նահանգի Խավիջա քաղաքում բանտից գերեվարվածների ազատագրման օպերացիան: