Պուտինը հերքել է ԽՍՀՄ-ը վերականգնելու Ռուսաստանի մտադրության մասին լուրերը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հերքել է լուրերն այն մասին, որ Մոսկվան մտադիր է վերականգնել Խորհրդային Միությունը: ՌԴ նախագահի խոսքով՝ նախկին խորհրդային տարածքում Ռուսաստանի ազդեցությունը վերականգնելու մասին հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը և հանդիսանում են «տեղեկատվական պայքարի գործիք»:
«Փորձում են մեզ կպցնել այդ պիտակը, որ մենք իբր թե պատրաստվում ենք վերականգնել կայսրությունը՝ Խորհրդային Միությունը, բոլորին մեզ ենթարկել: Դա բացառապես չի համապատասխանում իրականությանը»,-ասել է նա Սանկտ Պետերբուրգում կայացած Միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ:
Պուտինը նշել է, որ առաջիկա օրերին ստորագրվելու է Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը, «Դուք այդ փաստաթղթին միայն մասնագետի աչքով նայեք, նայեք առանց կողմնապահության: Այնտեղ ի՞նչ կա կայսրության վերստեղծման մասին: Ոչինչ: Միմիայն այնպիսի բաներ, որոնք վերաբերում են տնտեսության ոլորտում ուժերի միավորմանը»: