211652_close_icon
views-count2054 դիտում article-date 09:27 27-10-2015

Տեղի է ունեցել «Արևմտյան Հայաստանի մշակութային ժառան­գությունը» խորագրով պատկերագրքի հայաստանյան շնորհանդեսը

ՀՀ մշակույթի նախարարությունը և Ռուսաստանի ազգա­գրության թանգարանը՝ ս. թ. հոկտեմբերի 24-ին, Երևանում անցկացվող «Երևան շոու 2015» ամենամյա ոսկերչական միջազգային ցուցահանդեսի շրջանակում կազմակերպել էր Ռուսաստանի ազգագրության թանգարանում կայացած «Հայկական ավանդական մշակույթի աշխարհը» խորա­գրով ցուցահանդեսից երկու նմուշի ցուցադրություն: Հոկտեմբերի 26-ին, ժամը 12:00-ին, «Մերիդիան» ցուցասրահում տեղի է ունեցել «Արևմտյան Հայաստանի մշակութային ժառան­գությունը» խորագրով պատկերագրքի հայաստանյան շնորհանդեսը: Պատկերագրքում ներ­կայացված է ռուս անվանի ազգագրագետ Ալեքսանդր Միլլերի կողմից 1916 թ. հավաքագրված` Վանի և Վասպուրականի հայերի նյութական մշակույթի հավա­քածուն, որը վերոնշյալ ցուցադրության մաս էր կազմում: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի և ՀՀ մշակույթի նախարարության հրավերով միջոցառման կապակցությամբ Հայաստան է ժամանել Ռուսաստանի ազգագրության թանգարանի տնօրեն Վլադիմիր Գրուսմանը: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Ռուսաստանի ազգագրության թանգարանի տնօրեն Վլադիմիր Գրուսմանը, Հայ ոսկերիչների համաշխարհային միության նախագահ Գագիկ Գևորգյանը և այլոք: Հայ-ռուսական մշակութային կապերի զար­գացման գործում ունեցած զգալի ավանդի, ինչպես նաև 2015 թ. ապրիլի 27-ին Ռուսաստանի ազգագրության թանգարանում «Հայկական ավանդական մշակույթի աշխարհը» խորա­գրով ցուցահանդեսի կազմակերպման և «Արևմտյան Հայաստանի մշակութային ժառանգությունը» պատկերագիրքը հրատարակության պատրաստելու համար թանգարանի տնօրեն Վլադիմիր Գրուսմանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության Ոսկե մեդալով: Հայկական արվեստների ու արհեստների ժառանգությունը պահպանելու և կիրառական արվեստը զարգացնելու գործում ունեցած զգալի ավանդի, ինչպես նաև 2015 թ. ապրիլի 27-ին Ռուսաստանի ազգագրության թանգարանում «Հայկական ավանդական մշակույթի աշխարհը» խորա­գրով ցուցահանդեսի կազմակերպման և «Արևմտյան Հայաստանի մշակութային ժառան­գությունը» պատկերագրքի հրատարակմանն աջակցելու համար Հայ ոսկերիչների համաշխարհային միության նախագահ Գագիկ Գևորգյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության Ոսկե մեդալով: Հիշեցնենք, որ ս. թ. ապրիլի 27-ին բացված՝ «Հայկական ավանդական մշակույթի աշխարհը» խորա­գրով ցուցահանդեսը բաղկացած էր «Արհեստագործական գործիքներ», «Հայ զինագործների, երկաթագործների, ոսկերիչների և ջուլ­հակների աշխատանքների ցուցանմուշներ» և «Հայկական հազվագյուտ ավանդական երաժշտական գործիքներ» թեմատիկ բաժիններից, որտեղ ներկայացված էին թանգարանում պահվող հայկական հարուստ հավաքածուի եզակի ցուցանմուշներ /զենքեր, ոսկերչական իրեր, գորգեր, երաժշտական գործիքներ, կրոնական հագուստներ, ինչպես նաև հայկական մշակույթը բնորոշող այլ աշխատանքներ` կատարված հայ վարպետների ձեռքերով/:

Նմանատիպ նյութեր