ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը ցանկություն ունի փակել երկրում գործող մզկիթները
ԱՄՆ նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, որ ցանկանում է փակել երկրում գործող ամերիկացի մուսուլմանների մզկիթները, մեծ դժգոհություն է առաջացրել, գրում է ամերիկյան The New York Times թերթը:
Fox Business Network-ին տված հարցազրույցում Թրամփին հարցրել են. «Ի՞նչ եք կարծում, արժի՞ «Իսլամական պետության» դեմ պայքարի համար փակել որոշ մզկիթներ»:
Հարցին Թրամփը պատասխանել է. «Ես վստահաբար այդպես կանեի»:
Նա հավելել է, որ վստահ չէ, որ նման գործողությունները օրենքի շրջանակում կարող են լինել, սակայն արժի, որպեսզի ամերիկյան իշխանությունները դիտարկեն այդ տարբերակը:
Թրամփի պատասխանին է անդրադարձել Ամերիկյան-իսլամական հարաբերությունների խորհուրդը՝ հայտարարելով, որ Թրամփի խոսքերը ծաղրում են դավանանքի ազատությունը և բացի այդ, հակասում սահմանադրությանը: