421 դիտում
18:52 05-10-2015
Մեկնարկել է «Խաղաղապահ գործողություններին մարտահրավերների միջազգային ֆորումի» ամենամյա համաժողովը
Հոկտեմբերի 5-ին Երևանում, ՀՀ Կառավարության ընդունելությունների տանը մեկնարկել է «Խաղաղապահ գործողություններին մարտահրավերների միջազգային ֆորումի» ամենամյա համաժողովը՝ ««Հաստատութենաշինություն և կարողությունների զարգացում հանուն խաղաղության». ՄԱԿ-ի Փորձագիտական խմբի առաջարկությունների ազդեցությունը ապագա առաքելությունների վրա» խորագրով, որի համակազմակերպիչն է ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը: Համաժողովը կընթանա հոկտեմբերի 5-6-ը:Համաժողովը խաղաղապահության հիմնախնդիրներին նվիրված առաջին միջազգային փորձագիտական քննարկումն է՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի և ՄԱԿ-ի՝ խաղաղապահությանը նվիրված գագաթնաժողովի անցկացումից հետո: Համաժողովը քննարկելու է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի Խաղաղապահության հարցերով բարձր մակարդակի անկախ փորձագիտական խմբի զեկույցում բերված առաջարկությունների իրականացման ուղիները:
«Խաղաղապահական գործողություններին մարտահրավերների միջազգային ֆորումը» խաղաղապահության բնագավառում միջազգային ամենահեղինակավոր կազմակերպությունն է, որին անդամակցում է 22 պետություն, այդ թվում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական 5 անդամները: Հայաստանի Հանրապետությունը՝ հանձին ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի, «Խաղաղապահական գործողություններին մարտահրավերների միջազգային ֆորումին» անդամակցել է 2014 թվականին:
Երևանում ընթացող ««Հաստատութենաշինություն և կարողությունների զարգացում հանուն խաղաղության». ՄԱԿ-ի Փորձագիտական խմբի առաջարկությունների ազդեցությունը ապագա առաքելությունների վրա» միջազգային ամենամյա համաժողովի ժամանակ ողջույնի ուղերձներով հանդես եկան ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խաղաղապահական օպերացիաների հարցերով օգնական Էդմոնդ Մուլեն: Համաժողովին մասնակցում են 21 պետությունների 100 ներկայացուցիչներ:
Համաժողովի ընթացքում հատուկ ուշադրություն կդարձվի «հաստատութենաշինություն և կարողությունների զարգացում հանուն խաղաղության» պրոբլեմին: Նպատակն է ընդհանուր պատկերի հիման վրա տրամաբանորեն փոխկապված եզրահանգումներ անել, որոնք կներառեն հաստատութենաշինության ու կարողությունների զարգացման` կատարված հետազոտությունների արդյունքներում և մշակված հանձնարարականներում եղած ընդհանրությունների, բացերի, համընկումների և հնարավոր անհամապատասխանությունների ի հայտ բերումը: Կայունացման և պետական իշխանության վերականգնման ու ընդլայնման հարցերը քննարկելիս կդիտարկվեն նաև ինչպես կոշտ, այնպես էլ փափուկ անվտանգության հարցերը: Դրա նպատակն է մշակել մի շարք թիրախային և իրատեսական հանձնարարականներ, թե ինչպես հաստատութենաշինությունը և կարողությունների զարգացումն առավել արդյունավետ կերպով օգտագործել որպես խաղաղապահությունը և խաղաղաշինությունը կապող միջոցներ: 2015 թ. համաժողովում.
ա) կգնահատվեն առավել կարևոր և համընդգրկուն հարցերը` կապված ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի Խաղաղապահության հարցերով բարձր մակարդակի անկախ փորձագիտական խմբի և «Անվտանգության խորհրդի 1325-րդ բանաձևի» իրագործման վերաբերյալ համընդհանուր հետազոտությունների արդյունքների հետ,
բ) կուսումնասիրվեն ՄԱԿ-ի «Խաղաղաշինության Ճարտարապետության վերանայման» արդյունքները,
գ) այնուհետև ավելի հանգամանորեն կուսումնասիրվի հաստատութենաշինությունը,
դ) երեք առանձին դեպքերի` Հարավային Սուդանի, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության և Լիբերիայի ուսումնասիրության հիման վրա կմշակվեն հանձնարարականներ, թե ինչպես առաջ մղել և ամրապնդել ձեռնարկվող արդյունավետ հաստատութենաշինությունն ու կարողությունների զարգացումը հանուն խաղաղության:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
694 դիտում
13:44 04-01-2025
Հայաստանում հրապարակվել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման փաթեթի նախագիծը
748 դիտում
12:33 04-01-2025
Շարժումը բարոյական բովանդակություն է բերել քաղաքական դաշտ, մեր պայքարը պատվի մասին է․ Բագրատ Սրբազան