211652_close_icon
views-count979 դիտում article-date 16:06 03-10-2015

Հայաստանը մասնակցեց Մարսելի 91-րդ ամենամյա միջազգային տոնավաճառին

Սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 5-ը Մարսելի «Շանո» զբոսայգում անցկացվող Մարսելի 91-րդ ամենամյա միջազգային տոնավաճառին մասնակցում է նաև Հայաստանը: Տոնավաճառի շրջանակներում Մարսելի մշակույթի և երիտասարդության հայկական տան և ֆրանս-հայկական առևտրաարդյունաբերական պալատի կողմից Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսության աջակցությամբ կազմակերպվել է հայկական տաղավար, որն այս տարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման խորհուրդ է կրում: Հայկական տաղավարի գրքերի բաժնում ներկայացված են Հայոց ցեղասպանության վերաբերյալ երեք տասնյակից ավելի գրքեր տարբեր լեզուներով: Ներկայացված են նաև Ֆրանսիայի և Հայաստանի մեր հայրենակիցների պատրաստած արտադրանքը` սննդից մինչև հուշանվերներ, ինչպես նաև տուրիզմի, առողջապահության, բանկային համակարգին վերաբերող և այլ բաժիններ: Հոկտեմբերի 2-ը հայտարարված էր «Հայաստանի պաշտոնական օր», որի հանդիսավոր բացման արարողությունը տեղի ունեցավ Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի գլխավոր խորհրդի նախագահ Մարտին Վասալի, Մարսելի միջազգային տոնավաճառի գլխավոր տնօրեն Լոիկ Ֆուշոնի, Մարսելի Մշակույթի և երտասարդության հայկական տան նախագահ Կարո Հովսեփյանի և Մարսելում ՀՀ հյուպատոս Սամվել Լալայանի կողմից: Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հովանու ներքո: Միջոցառմանը ներկա էին Եվրախորհրդարանի և ֆրանսիացի պատգամավորներ, քաղաքապետեր, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրյալներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ, բազմաթիվ հյուրեր: Մարսելում ՀՀ հյուպատոս Սամվել Լալայանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին` մասնավորապես նշելով Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի գլխավոր խորհրդի նախագահ Մարտին Վասալի` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին ակտիվ մասնակցությունը և հույս հայտնեց, որ տոնավաճառը նոր հնարավորություններ կընձեռի հայ-ֆրանսիական տնտեսական և մշակութային հարաբերությունների առավել խթանմանը: Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի գլխավոր խորհրդի նախագահ Մարտին Վասալն իր ելույթում նշեց, որ 2015թ. Ֆրանսիայի ամբողջ տարածքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ բազմաթիվ միջոցառումներ են կայացել և դեռ շարունակվում են. 2016թ. ապրիլի 24-ին իր գլխավորած պաշտոնական պատվիրակությունը կմեկնի Երևան` Ծիծեռնակաբերդում` Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողում, հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին: Նա նշեց նաև, որ Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտը միշտ պատրաստ է օգնելու, աջակցելու և մասնակցելու ցանկացած միջոցառմանը, որն իր նպաստը կբերի տնտեսական, մշակութային, գիտական և այլ բնագավառներում ֆրանս-հայկական համագործակցության զարգացմանը: Այնուհետև Համագումարների պալատի «Քալելոնգ» սրահում տեղի ունեցավ գերմանական հանրային հեռուստատեսության կողմից գերմանացի ռեժիսոր Էրիկ Ֆրիդլերի Հայոց ցեղասպանությանը նվիված «Աղետ. մի ցեղասպանություն» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: Երեկոն ավարտվեց համերգով` Մարսելի Համազգային դպրոցի սաների մասնակցությամբ: Միջոցառումը լայնորեն լուսաբանվեց ֆրանսիական լրատվամիջոցների կողմից։

Նմանատիպ նյութեր