211652_close_icon
views-count1092 դիտում article-date 14:59 02-10-2015

Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ-ում ներկայացրել է Հայաստանում ընթացող սահմանադրական բարեփոխումների ողջ գործընթացը

Հոկտեմբերի 1-ին, ԵԽԽՎ լիագումար նիստի չորրորդ օրը` ,, Վեհաժողովի մոնիտորինգի գործընթացի առաջխաղացումը մեկ տարվա ընթացքում,, թեմայով քննարկման ժամանակ իր ելույթում Աժ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը Վեհաժողովի ուշադրությունը հրավիրեց Հայաստանում ընթացող սահմանադրական բարեփոխումների գործընթացի վրա: Սակայն մինչ ելույթի բուն թեմային անցնելը` ԱԺ փոխխոսնակը, օգտվելով խոսքի իր իրավունքից, հարկ համարեց հակադարձել Ադրբեջանական պատվիրակության անդամներից մեկին, ով իր նախորդող ելույթում փորձել էր ցեխ շպրտել Հայաստանի վրա: ,,Ամեն անգամ իրականությունը խեղաթյուրելը և աղավաղված ներկայացնելը եվրոպացիներին՝ ադրբեջանցիների հիմնական ձեռագիրն է, բայց այս անգամ ադրբեջանցին գերազանցեց ինքն իրեն և տրամաբանական բոլոր նորմերը և իրականում շատ ծիծաղելի ստացվեց, շատերը նիստերի դահլիճում ներկաներից ժպտում էին, իսկ ոմանք էլ պարզապես ծիծաղում: Եվ իրոք , գործերի այն վիճակում, որ առկա է Ադրբեջանում և որի մասին արդեն յուրաքանչյուր նիստում աղաղակում է Վեհաժողովի մեծամասնությունը ու արժանանում անգամ Վեհաժողովի նախագահի լիագումար նիստի բացման խոսքում բարձրաձայնվելուն, իսկ մարդու իրավունքների պաշտպան Մուժնիեքսի հայտարարած կարծիքը այն մասին , որ Ադրբեջանում չկա որևէ մեկը, որ համագործակցենք նրա հետ, քանի որ բոլոր մեր գործընկերները նետված են բանտերը, դարձել է Վեհաժողովի թևավոր խոսքը, այս ֆոնին որևէ մեկին մատնացույց անելու համար պետք է իսկապես շատ ,,ադեկվատ լինել,,, - մեզ հետ զրույցում ասաց Հերմինե Նաղդալյանը: ,,Ի պատասխան նշեցի, որ իրականում ադրբեջանցի պատվիրակը հստակ նկարագրել է իրավիճակը սեփական երկրում, սակայն, միտումնավոր խառնել երկրների անունները, կարծես վերջինս առնվազն լուսնի վրա է գտնվում և հեռու իր երկրում տեղի ունեցող աղաղակող իրողություններից,,: ,,Նրանք, ովքեր ապրում են ապակյա տան մեջ, չպետք է քարեր նետեն,, ,- ադրբեջանցի գործընկերոջն է ուղղել իր ռեպլիկը հայկական պատվիրակության ղեկավարը: Անցնելով քննարկվող թեմային` տիկին Նաղդալյանը նախ շնորհակալություն հայտնեց զեկուցող, Մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ պարոն Շեննախին և Հայաստանի հարցով համազեկուցողներ պարոն Միլլին և Ֆիշերին` երկրում տեղի ունեցող զարգացումների մասին իրենց մանրակրկիտ ուսումնասիրության և վերջերս հրապարակված փաստաթղթի` Հայաստանին վերաբերող տեղեկատվական հայտագրի համար: Հերմինե Նաղդալյանը Վեհաժողովին տեղեկացրել է, որ թե՛ համազեկուցողների փաստաթուղթը , և թե՛ ներկայացվող պերիոդիկ զեկույցը մասնավորապես, կենտրոնացած է Սահմանադրական բարեփոխումների գործընթացի վրա, որն այժմ ընթանում է Հայաստանում. ,,2013 թ-ին ՀՀ նախագահը ստեղծեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը` օրենքի գերակայության, մարդու իրավունքների և ազատությունների նկատմամբ հարգանքի սահմանադրական երաշխիքների հետագա ամրապնդման, ուժերի պատշաճ հավասարակշռության ձեռքբերման, պետական կառավարման արդյունավետության խթանման և ամրապնդման նպատակով,,: Հերմինե Նաղդալյանը եվրոպացի պատվիրակներին հաղորդել է, որ Համազեկուցողները, վկայակոչելով Վենետիկի հանձնաժողովի գնահատականները, կարևորել են աշխատանքի բարձր որակը և Վենետիկի հանձնաժողովի հետ սերտ համագործակցությունը և ողջունել մասնագիտական հանձնաժողովի պատրաստակամությունը` նախագծի լրացումներում ընդգրկելու Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունները: ,,Սա իշխանությունների պատրաստակամության նշանն է հարգելու Եվրոպայի խորհրդի իրենց պարտավորություններն ու հանձնառությունները,,,- համազեկուցողներին մեջբերել է տիկին Նաղդալյանը և ընդգծել, որ ըստ Վենետիկի հանձնաժողովի եզրակացության` հիմնարար իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանադրորեն երաշխավորված են, էականորեն ավելացվել և հարստացվել են լրամշակված տեքստում և ձևակերպումները սերտորեն հետևում են ՄԻԵԴ-ին: Համազեկուցողները ողջունում են փաստը, որ խորհրդարանի աճող իշխանության հետ մեկտեղ Սահմանադրական բարեփոխումների նախագիծը նպատակ ունի նաև ամրապնդելու խորհրդարանում ընդդիմության սահմանադրական իրավունքները,,,- նշել է տիկին Նաղդալյանը: ԱԺ փոխնախագահը եվրոպացի իր գործընկերներին փոխանցել է հայրենի իշխանությունների համոզմունքը, որ համապարփակ սահմանադրական բարեփոխումը կարող է իրականացվել միայն հասարակության շրջանում լայն կոնսենսուսի հիման վրա և վստահեցրել, որ ողջ գործընթացը խարսխված է եղել և շարունակում է լինել թափանցիկության սկզբունքի վրա` բոլոր շահագրգիռ կողմերին ներգրավելով բաց հրապարակային քննարկումների մեջ. ,,Քաղաքական բոլոր կուսակցությունները կանչվել են ներկայացնելու իրենց դիտարկումները և հրավիրվել քաղաքական խորհրդակցությունների: Միևնույն ժամանակ, ակտիվ հասարակական քննարկումներ են իրականացվել բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ /փաստաբանների ու լրագրողների, հասարակական, քաղաքական, դատական ոլորտի ներկայացուցիչների, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների փորձագետների /,,, տեղեկացրել է Հ. Նաղդալյանը: Եզրափակելով խոսքը, Հերմինե Նաղդալյանը համոզմունք է հայտնել, որ սահմանադրական բարեփոխումների նախաձեռնությունը ապահովում է երկրում բարեփոխումների բացառիկ հնարավորություն, որը չպետք է բաց թողնվի և ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Եվրոպայի խորհրդին` այդ դժվարին նախաձեռնությանն աջակցության համար: Պարոն Շեննախի զեկույցը քվեարկվել և ընդունվել է ԵԽԽՎ երեկոյան նիստում քննարկվելուց հետո:

Նմանատիպ նյութեր