Դեսպան Քոչարյանը մասնակցեց Լիբանանի քաղաքացիական պատերազմի 40-ամյակին նվիրված ժողովրդային հանդիսությանը
Սեպտեմբերի 28-ին Բեյրութի Բուրջ Համուդ հայաբնակ թաղամասում ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Լիբանանի քաղաքացիական պատերազմի 40-ամյակին նվիրված ժողովրդային հանդիսություն, որին նախորդեց Բուրջ Համուդի Նահատակաց հրապարակում տեղի ունեցած Լիբանանի և հայության համար զոհված նահատակների հուշատախտակի բացման արարողություն:
Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը ընթերցեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ուղերձը, որում ընդգծված է, որ «ցեղասպանություն վերապրած լիբանանահայությունը պատվով դուրս եկավ ևս մեկ ծանր փորձությունից՝ 1975-1990թթ. քաղաքացիական պատերազմից, երբ, ընդունելով չեզոք կեցվածք, հրաժարվեց մասնակցել հակամարտող կողմերի զինյալ բախումներին և հերոսաբար դիմակայեց հայկական թաղամասերին սպառնացող վտանգներին՝ ցուցաբերելով արիության և տոկունության: Բազմաթիվ հայորդիների կյանքի գնով պահպանվեցին ազգային կառույցներն ու հաստատությունները»:
Խոնարհվելով Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ զոհված բոլոր հայորդիների հիշատակի առջև, նախարարն իր ուղերձում համոզմունք է հայտնել, որ
Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնությամբ հնարավոր կլինի լուծել բոլոր ծառացած խնդիրները և դիմակայել բոլոր մարտահրավերներին:
Այնուհետև Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շահե եպիսկոպոս Փանոսյանը ներկաներին փոխանցեց Արամ Ա կաթողիկոսի հղած պատգամը:
ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի անդամ Հակոբ Հավաթյանն իր ելույթում անդրադարձավ քաղաքացիական պատերազմի ընթացքում լիբանանահայության կողմից որդեգրած «դրական չեզոքություն» կեցվածքին, զոհվածների հերոսական գործողություններին և ներկա մարտահրավերներին:
Միջոցառման ընթացքում ցուցադրվեց Լիբանանի քաղաքացիական պատերամին նվիրված տեսաերիզ: