58844 դիտում
15:22 25-09-2015
Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Արարատի մարզում. գյուղացիները գլխավոր ճանապարհը 1 տասնյակից ավելի խաղողով բարձված բեռնատարներով փակել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ
Արդեն 1 ժամից ավելի է, Երևան-Մեղրի ավտոճանապարհի «Խոր Վիրապի խաչմերուկ» կոչվող հատվածում 4000-ից ավելի գյուղացիներ հիմնականում՝ Արարատի մարզի 20 գյուղերից, նշված ճանապարհը խաղողով բարձված բեռնատար մեքենաներով փակել են:
Գյուղացիներն արդարացիորեն բարձրաձայնում են, որ օրեր առաջ, երբ նշված ճանապարհը խաղողի մթերման հետ կապված իրենք փակել էին, գյուղնախարար Սերգո Կարապետյանը այցելելով՝ ամենավերջին սրբություններով երդվում էր, որ կառավարությունը գյուղացու կողքին է կանգնած և ոչ մի խաղող դաշտերում չի մնա, ամբողջը կսպառվի:
«Համոզվեցինք, որ գյուղնախարարին՝ որպես ստախոսի, կարելի է Օսկարի մրցանակ տալ, սաղիս կուտ տվեց: Մենք, հավատալով նրան, ճանապարհը բացեցինք, բայց ստացվում է, որ ողջ ժողովրդին գյուղնախարարը մատների վրա խաղացրեց: Առավոտվանից խաղողը բարձած տեղափոխել ենք նախորդ օրերի նման գործարանից գործարան: Որտեղ տանում ենք, նույն պատասխանն ա՝ անգիր արած նույն տողերն են ասում՝ պայմանագիր չկա, խաղողի որակը վատն ա, սակայն անզեն աչքով էլ երևում է, որ խաղողը բարձր որակի է»,-ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասում էին գյուղացիները:
Քիչ առաջ նշված վայր ժամանեցին գյուղատնտեսության փոխնախարարներ Ռոբերտ Մակարյանն ու Սամվել Գալստյանը, սակայն ժողովուրդը նրանց պատասխանեցին, որ՝ դուք անզոր եք, միայն պահանջում ենք վարչապետ Հովիկ Աբրահամյանին:
Այս պահին բոլորը միաբերան նշում են, որ ճանապարհը կբացվի միայն այն ժամանակ, երբ ժամանի վարչապետը և իր հետ նշված վայր բերի այդ մի քանի գործարանների տնօրեններին: Տեղում են նաև ոստիկանության Արարատի բաժնի մեծ թվով աշխատակիցներ՝ Արարատի ոստիկանապետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ:
***
Քիչ առաջ ժամանեց նաև Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը և գյուղացիներին հայտնեց, որ վարչապետը տեղյակ է իրավիճակին և հայտնել է, որ գալիս է նշված վայր:
***
15:40
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ նշված վայր ժամանեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը և տեղում հանդիպելով գյուղացիների հետ՝ հայտարարեց, որ կառավարությունը տեղյակ է խնդրին և իր հանձնարարականով պատասխանատու գործարանները կընդունեն խաղողի մի մասը:
Գյուղացիները, համարելով այդ հարցը մասամբ լուծված, հայտարարեցին. «Հավատում ենք վարչապետին, դրա համար էլ ճանապարհը բացում ենք»:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 138+
138+