211652_close_icon
views-count1241 դիտում article-date 20:29 24-09-2015

ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Պրահայում

Սեպտեմբերի 23-ին Չեխիայում ՀՀ դեսպանությունը մայրաքաղաք Պրահայի «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցում կազմակերպել էր ընդունելություն` նվիրված ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին: Միջոցառմանը մասնակցում էին շուրջ 350 հոգի, որոնց թվում Չեխիայի խորհրդարանի Սենատի փոխնախագահ Զդենեկ Շկրոմախը, արդյունաբերության և առևտրի նախարար Յան Մլադեկը, Չեխիայի հոգևոր առաջնորդ Դոմինիկ կարդինալ Դուկան, բազմաթիվ սենատորներ, պատգամավորներ, երկրում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, Չեխիայի նախագահի աշխատակազմի, արտաքին գործերի նախարարության և այլ գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, մշակույթի և արվեստի գործիչներ, լրագրողներ, հասարակական կազմակերպությունների, Չեխիայի գործարար աշխարհի, Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչներ։ Ելույթներով հանդես եկան Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը և Սենատի փոխնախագահ Զդենեկ Շկրոմախը: Դեսպան Սեյրանյանը հյուրերին ներկայացրեց Հայաստանի Հանրապետության անցած 24-ամյա ուղին, անցյալի և ժամանակակից մարտահրավերները, անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին, Հայաստանի կառավարության եվրոպական, եվրո-ատլանտյան և Չեխիայի հետ երկկողմ համագործակցությանը: Տիգրան Սեյրանյանն իր ելույթում բարձր գնահատեց Չեխիայի հայ համայնքի դերը հայ-չեխական հարաբերությունների զարգացման գործում: Իր խոսքում Զդենեկ Շկրոմախն անդրադարձ կատարեց վերջին տարիների ընթացքում չեխ-հայկական գործակցության զարգացմանը զանազան բնագավառներում` ընդգծելով երկու երկրների ընդհանրությունները, հաջողություններն ու մարտահրավերները: Նա մեծ ջերմությամբ հանգամանալից անդրադարձ կատարեց Հայաստանի հնամյա մշակույթի և քաղաքակրթության, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման անհրաժեշտության մասին, ներկայացրեց 2015թ. ընթացքում Հայաստան կատարած իր երկու այցերի արդյունքները։ Սենատի փոխնախագահը նշեց, որ Չեխիան կարող է գործնական ներդրում ունենալ չեխ-հայկական տնտեսական կապերի զարգացման գործում, նախանշեց գործակցության ոլորտները։ Միջոցառումն ավարտվեց ավանդական հյուրասիրությամբ:

Նմանատիպ նյութեր