Արցախի վարչապետն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մի խումբ բարերարների
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մի խումբ բարերարների, ովքեր ճանաչողական այցով ժամանել են Արցախ:
Վարչապետն իր խոսքում շնորհակալություն է հայտնել ներկաներին Արցախի հանդեպ ցուցաբերվող մշտական ուշադրության համար: Արայիկ Հարությունյանը համառոտ ներկայացրել է հանրապետության կենսագործունեության հիմնական ուղղությունները. մասնավորապես՝ անդրադարձ է կատարել ժողովրդագրության բնագավառում գրանցված հաջողություններին, ներկայացրել է Արցախում իրականացվող տնտեսական հիմնական նախագծերը:
«Մեր ունեցած ձեռքբերումների զգալի մասը նշանակալիորեն պայմանավորված է սփյուռքահայության գործուն մասնակցությամբ: Արցախի զարգացման գրեթե բոլոր ուղղություններում մեծ է հատկապես «Հայաստան» համահայկական հիմնադրամի դերը»,- նշել է վարչապետը՝ հավելելով, որ Արցախում իրականացվող յուրաքանչյուր ծրագիր միտված է ապագային, և կատարվող աշխատանքները հաստատապես ծառայելու են սերունդներին:
Գործադիր իշխանության ղեկավարը շեշտադրել է, որ, բացի ցուցաբերվող աջակցությունից, Արցախի տնտեսությունը մեծ ներուժ ունի, որը կարող է իրացվել նաև սփյուռքահայության ներդրումների միջոցով: «Հզոր հայրենիք ունենանլու ցանկությունը կախված է նաև Սփյուռքի մեր հայրենակիցների ակտիվ ներդրումներից, ինչը նոր թափ կհաղորդի Արցախի և Հայաստանի հանրապետությունների տնտեսությունների զարգացմանը»,- ասել է Ա. Հարությունյանը:
Հանդիպման վերջում Արցախի վարչապետը պատասխանել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի անդամներին հետաքրքրող հարցերին: