8001 դիտում
07:50 11-09-2015
Մաշտոցի պողոտայում 60-ամյա վարորդը Mitsubishi-ով վրաերթի է ենթարկել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ սեպտեմբերի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում՝ թիվ 45 շենքի դիմաց, Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ, 60-ամյա Հարություն Պետրոսյանը իր վարած Mitsubishi Lancer մակնիշի 34 TD 992 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 24-ամյա Հրաչ Դանիելյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկվածը օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապ օգնության ավտոմեքենայով տեղափոխվի թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հետիոտնը փողոցը անցնելիս է եղել չթույլատրելի հատվածով՝ այն դեպքում, երբ մի քանի մետր հեռավորության վրա գործում է հետիոտնային անցում:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից վթարի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով քննիչ Արթուր Գասոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդը բժշկական կենտրոն պարզելու սթափության աստիճանը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը սովորում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի 4-րդ կուրսում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+