Երեւանում բախվել են Յուքոմ ՍՊԸ-ի տարածքային պատասխանատուի Opel-ն ու ոստիկանության տեսուչի Maple-ն. կան վիրավորներ
Հայաստանի քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության քննիչ Գեղամ Գալստյանի կողմից նյութեր են նախապատրաստվում այսօր՝ օգոստոսի 23-ին Երեւանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ժամը 00:30-ի սահմաններում Փափազյան եւ Արամ Խաչատրյան փողոցների խաչմերուկում բախվել են Երեւանի բնակիչներ, 28-ամյա Մարտին Չաթալյանի վարած Opel մակնիշի 87 MR 087 համարանիշի եւ 29-ամյա Ռոբերտ Ղուկասյանի վարած Maple մակնիշի 34 DU 485 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն են տեղափոխվել ուղեւորներ 27-ամյա Նաիրա Մանուչարյանը, 20-ամյա Մետաքսե Օհանյանը եւ Սյուզաննա Գրիգորյանը, ում տարիքը ճշտվում է:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով վարորդներից Մ. Չաթալյանը աշխատում է Յուքոմ ՍՊԸ-ում որպես տարածքային պատասխանատու, իսկ Ռ. Ղուկասյանը Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Պարեկապահակային ծառայության ոստիկանության գնդի 5-րդ գումարտակում որպես ծառայության տեսուչ, կոչումով Ոստիկանության լեյտենանտ է:
Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվել են Երեւանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: