Եվրոպայի Լիգա. Խաշմանյանը հիացրեց. «Ալաշկերտը» հաղթական նոտայով ավարտեց մրցելույթները եվրագավաթներում. տեսանյութ
Եվրոպայի լիգայի որակավորման 2-րդ փուլի պատասխան խաղում Երևանի «Ալաշկերտը» 2:1 հաշվով հաղթեց ղազախական «Կայրաթին»:
Առաջին խաղում մեր թիմը «Կայրաթին» պարտվել էր 0:3 հաշվով, այնպես որ պատասխան խաղում «Ալաշկերտի»՝ հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունները չափազանց ցածր էին:
Սակայն «Ալաշկերտը» արժանի դիմադրություն ցույց տվեց: Հաշիվը գերազանց հարվածով բացեց Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Արարատ Առաքելյանը: Առաջին խաղակեսի վերջին վայրկյաններին «Կայրաթը» հավասարեցրեց հաշիվը: Իսկ երկրորդ խաղակեսի լրացուցիչ ժամանակի վերջին վայրկյաններին Դոս Սանթոսը օգտվեց մրցակցի սխալից և գրավելով «Կայրաթի» դատարկ դարպասը, հաղթանակ բերեց «Ալաշկերտին», որը լիովին վաստակել էր՝ 2:1:
Չնայած այս հաղթանակին, հաջորդ փուլ դուրս եկավ «Կայրաթը»: Իսկ հայկական ակումբները ավարտեցին իրենց մրցելույթները եվրագավաթներում:
Բոլոր դեպքերում, պետք է առանձնացնել «Ալաշկերտին»: Թիմը բավական բավական հաջող հանդես եկավ եվրագավաթներում: Շատ հաճելի էր դիտել այս թիմի խաղը:
Ակնհայտ է, որ Եվրագավաթների այս խաղարկությանը մասնակցած չորս հայկական ակումբներից ամենալավ տպավորությունը թողեց հենց «Ալաշկերտը»: Ոչ միայն նրա համար, որ 10 հոգով հաղթահարեցին շոտլանդական «Սենթ-Ջոնսթոնի» արգելքը, հաղթեցին ուժեղ ղազախական թիմին: Թիմն ունի խաղային ձեռագիր, գործում է կազմակերպված, իր հնարավորությունների սահմաններից դեռ մի բան էլ ավել:
Այս ամենի «մեղավորը» թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանն է: Վերջինս իսկապես լավ թիմ է ստեղծել, խաղացողներին համարձակություն է ներշնչել, թիմին տակտիկական ճկունություն հաղորդել: Պատահական չէ, որ վերջին շրջանում գնալով ավելանում է հայ մարզասերների թիվը, որոնք ցանկանում են Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում տեսնել հենց Աբրահամ Խաշմանյանին:
Եվրոպայի լիգա, որակավորման երկրորդ փուլ, պատասխան հանդիպում
«Ալաշկերտ» (Հայաստան) - «Կայրաթ» (Ղազախստան) – 2:1 (առաջին խաղ՝ 0:3)
Արարատ Առաքելյան, 28, Դոս Սանտոս, 90+3 - Ժերար Գոու, 45+2