1343 դիտում
20:34 15-07-2015
Հայոց ցեղասպանության զոհ դարձած հայ գրողների անգլերեն ժողովածուի ներկայացումը Բուխարեստում
Հուլիսի 12-ին Բուխարեստի Հայկական մշակութային տանը ներկայացվեց «Հողը կը խօսի» անգլերեն ժողովածուն, որտեղ ամփոփված են Հայոց ցեղասպանության զոհ դարձած հայ գրողների ստեղծագործությունները:
Գիրքը ներկայացրին կազմող և հրատարակիչ Տիգրան Գափոյանը, բանաստեղծներ Լևոն Բլբուլյանը և Հերմինե Նավասարդյանը: Ողջույնի խոսքով հանդես եկան Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, Ռումինիայի Հայոց միության նախագահ, Ռումինիայի գրողների միության փոխնախագահ Վարուժան Ոսկանյանը, Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ, Տեր Տաթև Եպիսկոպոս Հակոբյանը:
Հայաստանի գրողների միության հրատարակությամբ այս տարի լույս տեսած ժողովածուում տեղ են գտել Դանիել Վարուժանի, Սիամանթոյի, Ռուբեն Սևակի, Գրիգոր Զոհրապի և Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած արևմտահայ այլ գրողների գործերի թարգմանություններ:
Միջոցառմանը հաջորդած զրույցի ընթացքում քննարկվեցին հայ դասական և ժամանակակից գրականությունը ռումին ընթերցողներին ներկայացնելու հարցեր, որի շուրջ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի գրողների միության, Ռումինիայի Հայոց միության և Ռումինիայում ՀՀ դեսպանության միջև:
Հայ գրողների խումբը հուլիսի 8-15-ին մասնակցեց Ռումինիայի Արջեշ նահանգում անցկացվող «Կուրտեա դե Արջեշի պոեզիայի գիշերներ» միջազգային գրական փառատոնին, որն իր 19-րդ թողարկման շուրջն է համախմբել Ամերիկայի, Ասիայի, Ավստրալիայի և Եվրոպայի տասնյակ պոետների, արձակագիրների, երաժիշտների, նկարիչների և գիտնականների:
Նմանատիպ նյութեր
771 դիտում
11:53 25-05-2015
Բուխարեստում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության թեմայով ցուցադրություններ Բուխարեստում
2615 դիտում
22:12 27-09-2018
Գրողների միությունում տեղի կունենա Թամարա Հովհաննիսյանի «ՏԱՐԻՔԻ ՀՈԳԻՆ» ժողովածուի շնորհանդեսը
Այս բաժնից
937 դիտում
10:15 04-02-2025
Երևանում կառավարական առանձնատների սպասարկման արժեքը կրկին աճել է