211652_close_icon
views-count3463 դիտում article-date 19:49 07-07-2015

Գողություն ոսկյա զարդերի խանութից. որոնվում է լուսանկարում պատկերված տղամարդը

Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ոսկյա զարդերի խանութից գողություն կատարելու դեպքի առթիվ, որի շրջանակներում ձեռնարկվում են միջոցներ՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ 2015թ. հունիսի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմանններում, մի տղամարդ Մ.Խորենացու 24 հասցեում գործող ոսկյա զարդերի խանութից գաղտնի հափշտակել է ոսկյա մատանի և ականջօղ՝ պատճառելով 1.700.000 ՀՀ դրամի գույքային վնաս: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Քրեական գործով նախաքննության ընթացքում ստացվել են հիշյալ ոսկյա զարդերի խանութում առկա տեսանկարահանող սարքերի՝ տվյալ օրվա տեսագրությունները, զննվել։ Տեսանյութում երևում է այն տղամարդը, ով, ըստ տուժող կողմի, հափշտակել է ոսկյա զարդերը, առանձնացվել է նրա լուսանկարը։ Ովքեր ճանաչում են լուսանկարներում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր