ՀԾԿՀ-ն պատասխանել է «Ինտեր ՌԱՕ»-ի ղեկավար Բորիս Կովալչուկին
ՀՀ Հանրային ծառայությունները կարգավարող հանձնաժողովն արձագանքել է ռուսական «ԻՆՏԵՌ ՌԱՕ» ընկերության ղեկավար Բորիս Կովալչուկի հայտարարությանը, ըստ որի «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի կրած վնասները գործող կարգավորող համակարգի հետևանք են:
ՀԾԿՀ-ի տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«ՀՀ Հանրային ծառայությունները կարգավարող հանձնաժողովն անհասկանալի և հիմնազուրկ է համարում ստեղծված իրավիճակի շուրջ պարոն Կովալչուկի հնչեցրած դիրքորոշումը, ինչը պատրաստ է ապացուցել նաև միջազգային խորհրդատուների հետ քննարկումների ժամանակ:
Հանձնաժողովը պնդում է, որ ՀՀ օրենսդրությունը, մասնավորապես կարգավորման ոլորտին առնչվող, լիովին համապատասխանում է միջազգային փորձին և ունի լայն կիրառում:
Ստեղծված իրավիճակում անընդունելի ենք համարում սեփական բացթողումներին և թերացումներին էլ ավելի ուշադրություն դարձնելու փոխարեն՝ դրանց արդարացման պատճառ փնտրելու փորձը»:
Հիշեցնենք, որ Բաղրամյան պողտոայում շարունակվում է բողոքի ակցիան: Հունիսի 28-ին «Ոչ թալանին» նախաձեռնությունը որոշում էր կայացրել հեռանալ` Բաղրամյան պողոտայի երթեւեկությունը վերականգնելու եւ արյունահեղությունից խուսափելու համար եւ իրենց պայքարը շարունակելու են Ազատության հրապարկում: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը։